Լիբանանի նախագահ Միշել Աունն ասել է, թե երկիրը կհայտնվի դժոխային վիճակում, եթե քաղաքական ուժերը չկարողանան հնարավորինս արագ կառավարություն կազմել:
Նախագահի փոխանցմամբ, կուսակցություններն իրարամերժ դիրքորոշում են որդեգրել և խուսափում են փոխզիջումներից:
«Այս կոշտ դիրքորոշումները հուշում են, որ հարցի լուծում չի երևում, կողմերից յուրաքանչյուրը ցանկանում է ստանալ ամեն ինչ և ոչինչ չթողնել ուրիշին, նրանք համոզված են, թե մի կողմը պետք է լիակատար հաղթանակ տոնի, մյուսը՝ պարտվի»,- ասել է Միշել Աունը:
Լիբանանի ներքաղաքական ճգնաժամը հատկապես սրվել է օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի ավերիչ պայթյունից հետո: Այդ երկրի քաղաքական շրջանակները Ֆրանսիայի միջնորդությամբ բանակցել և համաձայնել են կառավարություն կազմել, սակայն դրա ժամկետն անցած շաբաթ արդեն անցել է:
Սունիների հետ մրցող շիաները պահանջում են նախարարական պորտֆելներ, այդ թվում ֆինանսների նախարարի պաշտոնը:
Փարիզը կոչ է անում արագ կազմել կառավարություն, իրականացնել արմատական բարեփոխումներ ու սկսել անհաշտ պայքար համատարած կոռուպցիայի դեմ: Նախագահ Էմանյուել Մակրոնի փոխանցմամբ, միայն այդ դեպքում Ֆրանսիան և մյուս երկրները կհամաձայնեն ֆինանսապես օգնել Լիբանանին: