«Ուզում ենք գնալ Ռուսաստան, չենք կարողանում». Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց

Ռուսաստան մեկնել ցանկացողները այսօր էլ կառավարության մոտ բողոքի ցույց էին անում, սպառնալով հացադուլ սկսել, եթե Հայաստանի կառավարությունը իրենց Ռուսաստան գնալու հարցը չլուծի։ Երեկ հայտնի դարձավ, որ ռուսական կառավարությունը որոշել է բացել օդային սահմանները ԵԱՏՄ անդամ բոլոր երկների համար, բացառությամբ՝ Հայաստանի։

Ռուսաստանից պաշտոնապես չեն պարզաբանել, թե ինչ պատճառով են որոշել կանոնավոր թռիչքները վերականգնել հատկապես այդ երկրների և ոչ Հայաստանի հետ։ Այս լուրը Հայաստանում մնացած ու անհամբեր մեկնումի սպասողները լսել էին ու ցավով ընդունել։

«Չգիտենք ինչով է պայմանավորված, բայց մեզ համար շատ վիրավորական է, որ Ղազախստանի հետ, Ղրղըզստանի հետ, Հարավային Կորեայի հետ, Բելառուսի հետ մարդիկ կարողանում են բանակցել, որպեսզի ազատ տեղաշարժ լինի, բայց մենք լինելով նաև ԵԱՏՄ անդամ, որտեղ նշված են կետեր, որ մենք ազատ տեղաշարժի հնարավորություն ունենք և պարզապես տեղում դոփած ենք», - նշեց կառավարության շենքի մոտ հավաքվածներից մեկը:

«Ուզում ենք գնալ Ռուսաստան, չենք կարողանում, տուն-տեղ, ամեն ինչ ընդեղ, մենք էլ այստեղ փողոցներում», - ասաց բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից:

Հարցով, թե ի՞նչն է պատճառը, որ Ռուսաստանը ի տարբերություն ԵԱՏՄ այլ անդամ երկրների, Հայաստանի հետ օդային հաղորդակցությունը չի վերականգնել, և ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ դա անելու համար, դիմեցինք նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն և ստացանք հետևյալ գրավոր պատասխանը. «Որքան մեզ է հայտնի, ավիահաղորդակցությունը վերականգնելու որոշումները կայացվում են երկկողմանի բանակցությունների արդյունքում՝ պարտադիր հաշվի առնելով սանիտարա-համաճարակային վիճակը կոնկրետ երկրներում, ինչպիսիք են 100 հազար բնակչին ընկնող վարակակիրների թիվը երկշաբաթյա կտրվածքով, նույն ժամանակահատվածում նոր դեպքերի աճի ցուցանիշը, հիվանդության տարածման գործակիցը, և արված թեստերի քանակը»։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն ասում է՝ Ռուսաստանի այս որոշումը քաղաքական հարթության մեջ է, եթե խնդիրը կորոնավիրուսը լիներ, ապա հենց Ռուսաստանում վարակակիրների թվերն աճում են, ԵԱՏՄ այն երկրներում, որոնց հետ ավիահաղորդակցությունը վերականգնվել է, ևս իրավիճակը Հայաստանից շատ չի տարբերվում։

«Ռուսաստանը կարող է ունենալ ամենատարբեր բնույթի քաղաքական պահանջներ Հայաստանից, Ռուսաստան ասվածը ոչ միայն ինչ-որ մի կոնկրետ կետ է, դիցուք Կրեմլը, այլև տարբեր տնտեսական, քաղաքական խմբեր, որոնք ազդեցություն ունեն որոշումների կայացման, իշխանական բուրգի ամբողջ աստիճանակարգի առումով և շահեր ունեն Հայաստանում: Այսինքն տարբեր խմբեր, որոնք Հայաստանում գործունեություն են ծավալել կամ ծավալում և հիմա նրանց ձեռնտու չէ խաղի որոշակի կանոնների փոփոխությունը, երբ պետք է գործունեություն ծավալեն արդեն կոռուպցիոն մեխանիզմներից դուրս», - նշեց քաղաքական մեկնաբանը:

Բադալյանը կարծում է՝ քաղաքացիների պահանջներն ու բողոքը հասկանալի են՝ նրանք սոցիալական բարդ դրությունից ելնելով են կառավարության մոտ բողոքի ցույց անում, սակայն, լուծումը կախված չէ Հայաստանից. - «Լուծումը Հայաստանի իշխանությունից չէ կախված, այո, Հայաստանի իշխանությունը կարող է բանակցել, բայց այնպես չէ, որ պետք է բանակցի ինչ-որ մանկապարտեզի երեխաների հետ, բանակցելու է ուժային կենտրոն գերտերության հետ: Այստեղ անշուշտ բավական բարդ խոսակցության առարկաներ են առաջանում, և մի քանի տասնյակ քաղաքացու համար խնդրի լուծման պարագայում պետք է ծարութեթև անել, թե ինչ քաղաքական հանգամանքներ և քաղաքական պահանջներ կարող են առաջանալ Հայաստանի իշխանության առաջ»:

Ըստ Հակոբ Բադալյանի, խնդիրը կարող է կապված լինել նաև ռուսական պատվաստանյութի հետ։ Ռուսական մերձկառավարական մամուլում էին տեղեկություններ հայտնվել այն մասին, որ այն երկրները, որոնց քաղաքացիներին Ռուսաստանը ներս է թողնում, հետաքրքրված են ռուսական պատվաստանյութով և անգամ բանակցություններ են վարում. - «Հայաստանի հետ այդպիսի քննարկում չկա, իսկ, օրինակ, ԵԱՏՄ մնացյալ երկրների հետ այդպիսի քննարկումներ եղել են, որոշների հետ անգամ համաձայնություն կա: Կարող եմ ենթադրել, որ այս գործոնն էլ կարող է լինել պատճառ Հայաստանի հետ հաղորդակցության հարցում»:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է՝ Ռուսաստանն այս հարցն էլ որպես Հայաստանի դեմ ճնշման լծակ է օգտագործում՝ խթանելով, որ կառավարության դեմ հանրային դժգոհություն առաջանա:

«Դա իրենք օգտագործում եմ մեզ ճնշելու համար: Ի վերջո Ռուսաստանում հասկանում են, այս կապը, որ չեն վերականգնում՝ օդային, դա բերում է նրան, որ Հայաստանում լարվածությունը մեծանում է ու իրենք հասկանում են, որ ինչքան ճնշումը ներսից Հայաստանի այսօրվա իշխանությունների վրա ավելի մեծ լինի, այդքան իրենք կկարողանանք կորզել այն, ինչ ուզում են: Օրինակ՝ նույն երկաթգծի հետ կապված ստորագրվեց հուշագիր էր, պայմանագիր էր, որ ամեն ինչ լավ է, մինչդեռ մեկ տարի առաջ բավականին լուրջ գործ էր հարուցվել ռուսական երկաթգծի հետ կապված: Այդ ճնշումն իր էֆեկտը տալիս է, ուզած-չուզած մերոնք գնում են նաև ինչ-որ աչք փակելու: Ուրեմն դա կայսերական քաղաքականություն է, անընդհատ ճնշման տակ պահել այսօրվա իշխանություններին ու կորզել ու կորզել», - ասաց Գրիգորյանը:

Դեռ սեպտեմբերի սկզբին Հայաստանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է Ռուսաստանի հետ աշխատանքներ տանել կանոնավոր ավիափոխադրումները վերականգնելու, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիների մուտքի արգելքի հանման կամ չեղարկման ուղղությամբ։ Այսօր «Ազատությունը» հարցում է ուղարկել Արտգործնախարարություն, խնդրելով տեղեկացնել՝ բանակցություններն ինչ փուլում են, պատասխան դեռ չկա։