ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիքը» հոկտեմբերի 8-ին համապետական հանրահավաք են հրավիրում

Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանը», ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունն ու Հայ հեղափոխական դաշնակցությունը հոկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում համապետական հանրահավաք են հրավիրել։ Այսօր տարածած հաղորդագրության մեջ 3 քաղաքական ուժերը նշում են. «Անցած ավելի քան երկու տարիների ընթացքում հանրության սպասելիքները չեն արդարացել։ Իշխանությունը ձախողել է ամենուրեք: Վտանգված է երկրի զարգացման հեռանկարը»: Հետևաբար, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիքը», «գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը և անխուսափելի համարելով նոր որակի և ազգային իշխանության ձևավորման հրամայականը, հրավիրում են համապետական հանրահավաք»:

Իվետա Տոնոյան

Թե արդյոք հանրահավաքում եռյակը բարձրացնելու է վարչապետի հրաժարականի կամ ամբողջական իշխանափոխության հարց, քաղաքական ուժերը չեն մանրամասնում։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ԲՀԿ պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը խոստացավ հանրահավաքի օրակարգի մանրամասները հայտնել առաջիկայում. - «Այս պահին մենք փաստը արձանագրում ենք, որ կա հանրային մեծ դժգոհություն, և այս երեք քաղաքական ուժերը հնարավորություն են ընձեռում այդ ձայնը լսելի դարձնելու համար»:

Վարդան Վարդանյան

ԲՀԿ-ական պատգամավորներն այսօր մեզ հետ զրույցում հիմնականում խուսափում էին միանշանակ ասել` արդյոք իրենց կհաջողվի բազմամարդ հանրահավաք կազմակերպել, սակայն վստահ էին՝ գործող իշխանության նկատմամբ երկրում կա հանրային մեծ դժգոհություն. - «Հանրահավաքին կփորձենք աշխատել հնարավորինս մարդկանց ներգրավել աշխատանքներին: Ամսի 9-ին հստակ կասեմ` բազմահավաք կլինի, թե ոչ»:

Շաքե Իսայան

«Ազատություն». - Բազմամարդ հանրահավաք ակնկալո՞ւմ եք, թե՞ ոչ:

Շաքե Իսայան. - Կգա հանրահավաքի օրը, կտեսնենք:

«Ազատություն». - Կարծո՞ւմ եք` հանրության մեջ իսկապես լուրջ դժգոհություն կա այսօր, որ մարդկանց կբերի այդ դժգոհությունը հրապարակ:

Շաքե Իսայան. - Իսկ Դուք չե՞ք տեսնում բողոքի ցույցերը, ամենատարբեր ոլորտային խնդիրների հետ կապված դժգոհությունները: Կարծում եմ, որ այնուամենայնիվ այո, կա հանրության մեջ դժգոհություն:

Նորա Առուստամյան

«Ազատություն». - Արդյոք բազմամարդ հանրահավաք եք դուք ակնկալում:

Նորա Առուստամյան. - Միանշանակ, դատելով բողոքի ակցիաներ իրականացնող մարդկանց քանակից, միանշանակ:

Ռուբեն Ռուբինյան

Մինչդեռ իշխող «Իմ քայլում» կասկածում են, թե նորաստեղծ եռյակին կհաջողվի հանրային լուրջ մոբիլիզացիա ապահովել։ Ինչպես իմքայլական Ռուբեն Ռուբինյանը նշեց, չի կարծում, թե հանրության շրջանում լուրջ դժգոհություններ կան. - «Չեմ կարծում, որ նույնիսկ եթե այդպիսի դժգոհություն լիներ հիպոթետիկ, Ձեր նշած ուժերն էին, որ պիտի որևէ մեկին մոբիլիզացնեին: Կարծում եմ` այդ 3 ուժերը չեն կարող և երբևիցե չեն կարողանալու Հայաստանում որևէ լայն աջակցություն մոբիլիզացնել, և դրա պատճառներն իրենք կարող են փնտրել իրենց անցյալում, ներկայում և այլ տեղերում»:

Էդմոն Մարուքյան

Խորհրդարանական ընդդիմադիր երկրորդ ուժը` «Լուսավոր Հայաստանը» չի պատրաստվում միանալ նորաստեղծ եռյակի կազմակերպած հանրահավաքին: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մեր հարցին ի պատասխան ասաց, թե մեզանից է տեղեկանում, որ ընդդիմադիր 3 ուժերը հանրահավաք են հրավիրել, և տեղյակ չէ նրանց օրակարգից:

«Ազատություն». - Եթե հրապարակում հնչի իշխանության հրաժարականի պահանջ, կմիանա՞ «Լուսավոր Հայաստանը» այդ օրակարգին:

Էդմոն Մարուքյան. - Եթե «Լուսավոր Հայաստանը» ունենա իշխանության հրաժարականի պահանջ, «Լուսավոր Հայաստանը» կնախաձեռնի խորհրդարանում իմփիչմենթի գործընթաց:

Եվ հետո, Մարուքյանը կարծում է, որ իշխանափոխության կոչեր հնչեցնելուց այդ ուժերը պետք է պարզաբանեն, թե ինչպես են այդ գործընթացը պատկերացնում։ Եթե ասում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, ապա պետք է մանրամասնեն, թե այդ դեպքում ում են տեսնում այդ պաշտոնում. - «Որովհետև երբ որ վարչապետը հրաժարական տա, «Իմ քայլը» դաշինքը պետք է ընտրի վարչապետ: Հիմա կարող է Ռոմանոս Պետրոսյանին ընտրեն վարչապետ, գոհ են այդ մարդիկ այսինքն` այդ փոփոխությունից, այսինքն` պետք է հստակ ասվի` ինչ է ուզվում: Եթե ուզում են` իշխանությունը ամբողջությամբ փոխվի, պետք է լինի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Հայաստանը խորհրդարանական երկիր է»:

Մարուքյանն ընդգծեց` իշխանափոխության հարց իրենց օրակարգում կա, բայց հերթական ընտրությունների միջոցով, երբ 2023-ին այսօրվա իշխանությունը կպարտվի և առանց արդյունքները կեղծելու հանգիստ կհանձնի իշխանությունը: Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորությանը, ապա. - «Որպեսզի լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, գոնե մի 200-300 հազար մարդ պետք է դուրս գա, գա, այս շենքը գրավի, որովհետև այս խորհրդարանը ցրելու ուրիշ տարբերակ չկա: Հենց կգան, կխոսենք այդ թեմայով», - նշեց պատգամավորը:

Նշենք, որ հոկտեմբերի 8-ին համապետական հանրահավաքի պատրաստվող և իշխանությանը քննադատող ԲՀԿ-ն, ՀՅԴ -ն և «Հայրենիքը» վերջին ամիսներին համագործակցում են միմյանց հետ` փորձելով միասնական օրակարգ ձևավորել։ «Դաշնակցությունը» հայտարարել է, որ երկրում ստեղծվել է քաղաքական և կառավարման ճգնաժամ, և որ երկրում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը բարձրացրել է կառավարության հրաժարականի հարցը։ Իսկ Արթուր Վանեցյանն ավելի կոշտ դիրքորոշոում ունի՝ պնդելով. - «Օր առաջ պետք է ազատվել ապաշնորհ իշխանություններից, քանի որ նրանց՝ երկրի ղեկին մնալու ցանկացած օր լրջագույն սպառնալիք է պետության համար»։

Ի դեպ, օրերս Վանեցյանը կուսակիցների հետ հանդիպմանը վստահեցրել էր՝ առաջիկայում Հայաստանում սպասվում են լրջագույն քաղաքական զարգացումներ, որտեղ «Հայրենիք» կուսակցությունն ունենալու է առանցքային դեր։