Բնակչությունը հասցնել 5 միլիոնի, յոթնապատկել միջին աշխատավարձը. Փաշինյանը ներկայացրեց մինչև 2050-ի ռազմավարությունը

1.5 միլիոն նոր աշխատատեղ ստեղծել, կյանքի տևողությունը հասցնել 90 տարեկանի

Մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոնի, մինչև 2050-ը ստեղծել 1.5 միլիոն նոր աշխատատեղ, հաղթահարել աղքատությունը աշխատանքով, յոթնապատկել միջին աշխատավարձը, առողջ ապրելակերպը դարձնել ազգային հատկանիշ և կյանքի տևողությունը հասցնել 90 տարեկանի։ Սրանք մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարության տեսլականի կարևոր բաղադրիչներն են, որոնք այսօր Մատենադարանում կառավարության ներկայացուցիների, մի խումբ ուսանողների և աշակերտների առջև ունեցած ելույթում ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց՝ այդ ռազմավարությամբ առաջին անգամ ձևակերպվում են մեր հավակնությունները կամ գուցե երազանքը, որի օգնությամբ պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում, ուր ենք գնում և ինչպես ենք պատկերացնում Հայաստանը 2050-ին։ «Մենք հույս ունենք, որ այս երազանքի և այս մտավոր փոփոխությունների արդյունքում մենք կկարողանանք հասնել թռիչքաձև զարգացման», - ասաց նա:

Վերափոխման ռազմավարության մշակումն ու իրագործումը` համազգային շարժում

Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ այսուհետև կառավարության ցանկացած գործողություն, որոշում պետք է միտված լինի այս ռազմավարության մեջ ներառված գաղափարների իրականացմանը։ Սակայն քաղաքական շահարկումներից խուսափելու համար պարզաբանեց` Հայաստանի մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարության ներկայացումը չի նշանակում, թե այս կառավարությունը մտադիր է գոյություն ունենալ մինչև 2050 թվականը, այսինքն` պաշտոնավարել ևս 30 տարի. - «Որովհետև մենք ընկալում ենք Հայաստանի վերափոխման ռազմավարությունը ոչ միայն կառավարության, որևէ կառավարության գործողություն, այլ մենք ընկալում ենք, Հայաստանի վերափոխման ռազմավարության մշակումն ու իրագործումը պատկերացնում ենք որպես համազգային շարժում: Այս ռազմավարությունն այնպես չէ, որ ինքը մինչև 2050 թվականը պետք է ճշգրիտ նույն կերպ մնա, այստեղ պետք է տեղի ունենա այս ամեն ինչի շուրջ քննարկում, որը կարող է ժողովրդի որոշմամբ, այդ թվում` ընտրությունների արդյունքների արտահայտմամբ որոշակի վերափոխումներ ապրի»:

Ներկայացնելով Հայաստանի վերափոխման ռազմավարությունը` վարչապետը նշեց, որ դրանք հիմնված են ազգային արժեքների և ազգային նպատակների վրա։ Իսկ ազգային արժեքները, որոնք առաջին անգամ ներառվել են Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ, հետևյալն են՝ հայոց պետականություն, կրթություն, անհատ և աշխատանք։

«Մինչև 2050 թվականը պետք է ունենանք ամենամարտունակ բանակը»

Խոսելով արդեն առաջիկա 30 տարիներին արձանագրվելիք ցուցանիշների, մասնավորապես Հայաստանի բնակչությունը մինչև 2050 թվականը առնվազն 5 միլիոնի հասցնելու, համախառն ներքին արդյունքը քսանապատկելու և աղքատությունը հաղթահարելու մասին` Փաշինյանն ընդգծեց, որ մինչև 2050 թվականը պետք է ունենանք ամենամարտունակ բանակը։ Իսկ դա նշանակում է, որ մեր մեկ զինվորը պետք է կարողանա դիմակայել պոտենցիալ հակառակորդի 7 կամ 10 զինվորի. - «Բնականաբար, խոսքը մերկ ձեռքերով դիմակայելու մասին չէ, սա ենթադրում է, որ սպառազինության, տեխնիկայի և ընդհանրապես զինված ուժերի զարգացման մեր տրամաբանությունը պետք է լինի այնպես, որ մենք պետք է մեր մի զինվորի դիմակայությունն ուժեղացնենք: Ընդ որում, կարող է պարզվել, որ այդ զինվորը ոչ թե մարտադաշտում է, այլ օպերատորի սենյակում նստած անում է ինչ-որ գործողություն»:

Հայաստանի վերափոխման ռազմավարությունը նաև նախատեսում է, որ մինչև 2050 թվականը պետք է ունենանք աշխարհի ամենաարդյունավետ10 հետախուզական ծառայություններից մեկը: Սա ըստ վարչապետի` նույնպես շատ կարևոր կետ է, քանի որ դա նշանակում է ունենալ այն անհրաժեշտ ինֆորմացիան, որը կարևոր է աշխարհի հետ հարաբերվելու համար. - «Հասկանալ, թե ինչու և որտեղ է աշխարհը մեզ սխալ հասկանում, և որտեղ է, որ մենք պետք է ուղղենք մեր մասին պատկերացումներն աշխարհին»:

«Նախկինում տեղի ունեցած դեպքերը պետք է արժանանան համարժեք արձագանքի»

Հայաստանի վերափոխման ռազմավարության մեգանպատակների շարքում վարչապետը խոսեց նաև իրավական Հայաստանի մասին` ընդգծելով, որ դա նշանակում է բացառել ընտրությունների կեղծումը և ընտրակաշառքի բաժանումը, ինչպես նաև նախկինում տեղի ունեցած դեպքերը պետք է արժանանան համարժեք արձագանքի։ Ընտրությունների կեղծումը ըստ Փաշինյանի` հնարավոր է բացառել , անհրաժեշտ է ուղղակի մի փոքր չարչարվել: «Բոլոր քաղաքացիները նույնականացման քարտով մտնում են տեղամաս, համակարգը ճանաչում է իրեն ավտոմատ, և բոլոր տեղամասերն առանց բացառության օնլայն միացված են իրար: Եթե մարդը մի տեղ քվեարկեց, հանրապետության բոլոր ընտրական տեղամասերը իրենք արդեն գիտեն, որ այդ մարդը քվեարկել է, և բացառվում է` երբ ինքը մտնի երկրորդ տեղամաս քվեարկելու, համակարգը կասի, որ դու էս ինչ ժամին քվեարկել ես էս ինչ տեղամասում»:

Կրթություն, սպորտ, ՏՏ. Հայաստանի անելիքները

Վարչապետն իր ելույթում մի քանի անգամ խոսեց կրթության, սովորելու, ինքնակրթվելու կարևորության մասին` ընդգծելով, որ Հայաստանի վերափոխման ռազմավարությունը նախատեսում է նաև սովորելը դարձնել ազգային ապրելակերպ։ Հետևաբար մինչև 2050 թվականը հայաստանյան 3 բուհ պետք է աշխարհի լավագույն 200 բուհերի ցանկում ընդգրկված լինի։

Նախատեսվում է նաև Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր, մինչև 2050-ը 10 հազար աշխատող ստարտապ ունենալ։ Սպորտի ոլորտում նույնպես պետք է ձեռքբերումներ լինեն, մասնավորապես մինչև 2050 թվականը պետք է նվաճել 25 օլիմպիական մեդալ, ֆուտբոլի ազգային հավաքականը դարձնել Աշխարհի առաջնության կամ Եվրոպայի մեդալակիր։ Հայաստանի վերափոխման ռազմավարության մեջ անդրադարձ է կատարվում նաև բնապահպանական խնդիրներին, ծրագրվում է կրկնապատկել Հայաստանի անտառածածկ տարածքները, ունենալ մաքուր ու կանաչ Հայաստան։ Սակայն ըստ վարչապետի` դա չի նշանակում, որ Հայաստանում հանքարդյունաբերություն չի լինելու։ Ամփոփելով ելույթը` Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Հայաստանի վերափոխման ռազմավարությունը չպետք է ընկալվի որպես իր կառավարության անելիքը կամ գաղափարը, սա պետք է վերածել համազգային շարժման։ Հետևաբար այս թեմայով ամեն շաբաթ կամ ամիս կկազմակերպվեն քնարկումներ, ներկայացված տեսլականները քննարկելի են, կարծրացած չեն։ Այդ նպատակով առաջիկայում կստեղծվի «Հայաստան 2050» կայք, որը կդառնա աշխատանքային հարթակ առաջարկությունների և քննադատությունների համար։