Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները շնորհավորական ուղերձներ են հղել Անկախության տոնի առթիվ: Այս մասին հայտնում են նրանց պաշտոնական գրասենյակները:
Ռոբերտ Քոչարյանն իր ուղերձում նշել է. «Այսօր, մեր Անկախության 30-ամյա հոբելյանից ընդամենը մեկ տարի առաջ, գնահատելով անցած ճանապարհը, մենք պետք է գիտակցենք, որ առջևում հայկական պետականության ամրապնդման ոչ պակաս դժվարին շրջանն է։ Ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում մենք պարտավոր ենք մտածել միաժամանակ և՛ արդիականացման, և՛ մեր ազգային ինքնության պաշտպանության հուսալի մեխանիզմների մասին։ Անհրաժեշտություն է դառնում Հայաստանի բազմակողմանի զարգացման իրատեսական ծրագրի ստեղծումը։ Ապագային միտված մի ազգային նախագծի, որի իրականացումն արդեն առաջիկա տարիներին կապահովի մեր քաղաքացիների բարեկեցությունը, Հայաստանի և Արցախի հուսալի անվտանգությունը»:
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շեշտել է. «Անկախ պետություն կառուցելը, հզորացնելն ու պաշտպանելը, Աստծու կամքով, ժամանակակիցներիս պարտքն ու պարտականություն են: Եվ մենք՝ բոլորս միասին, տարիներ շարունակ քարը քարի վրա դնելով, դժվարություններ հաղթահարելով, ամուր հիմքի վրա կառուցել ենք մեր պետականությունը՝ ստեղծել և կայացրել հպարտության արժանի սեփական զինված ուժեր, կենսունակ պետական ինստիտուտներ, այդ կառույցների միջոցով հաջողությամբ ապահովել պետության անվտանգությունն ու կենսագործունեությունը, դարձել միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ, և որպես կայացած ու ամուր պետություն՝ դիմագրավել արտաքին մարտահրավերները, դարձել Արցախի մեր քույրերի և եղբայրների անվտանգության երաշխավորը:
Այդ դժվարին ճանապարհին, իհարկե, անխուսափելիորեն եղել են նաև սխալներ ու բացթողումներ:
Մի բան, սակայն, ակնհայտ է՝ ավանդույթներ և երկարամյա պատմություն ունեցող ցանկացած պետության հաջողության հիմքում, ի թիվս այլ կարևոր գործոնների, շարունակականությունն է և ոչ երբեք՝ մինչ այդ եղած ամեն ինչ քանդելն ու զրոյական կետից սկսելը, ինչը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ:
Մաղթում եմ, որ բոլորս պետության քաղաքացու գիտակցումով և սրտացավությամբ մոտենանք պետականաշինության սուրբ գործին, որտեղ յուրաքանչյուրս ունի իր պատասխանատվությունը և անելիքը, պահենք ու պահպանենք մեր ազգային արժեքները, որ մեր ինքնության առհավատչյան և մեր անկախության գրավականն են»: