Հայաստանի վարչապետին շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի և Չինաստանի վարչապետները

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումներից, արխիվ

Հայաստանի Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և Չինաստանի պետական խորհրդի նախագահ Լի Քեցյանը:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Միխայիլ Միշուստինի ուղերձում մասնավորապես ասված է. - «Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ: Կցանկանայի հատկապես նշել ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, գործընկերային և դաշնակցային բնույթը: Համոզված եմ, որ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հետագա ամրապնդումը, էներգետիկ, արդյունաբերական և տրանսպորտային ենթակառուցվածքներում խոստումնալից համատեղ նախագծերի իրականացումը, Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն համագործակցության խորացումը լիովին համապատասխանում են Ռուսաստանի և Հայաստանի շահերին»:

Չինաստանի վարչապետ Լի Քեցյանն իր ուղերձում մասնավորապես գրել է. - «Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ ընդունեք խնդրեմ սրտանց շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս։ Ներկայումս չին-հայկական բարեկամական համագործակցության հարաբերությունները պահպանում են զարգացման դրական դինամիկան։ Մեր երկրների քաղաքական փոխվստահությունը գնալով աճում է, տարբեր ոլորտներում համագործակցությունը՝ համակողմանիորեն զարգանում։ Նոր տիպի կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր Չինաստանը և Հայաստանը միմյանց ցուցաբերում են հաստատուն աջակցություն, համատեղ ջանքերով հաղթահարում են դժվարությունները, ինչն արտացոլում է մեր երկրների միջև խորը բարեկամությունը։ Պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունների համակողմանի զարգացման համար «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման շրջանակներում»։