Ազգային ժողովն այսօր հաստատեց Եվրամիության (ԵՄ) ևս 5 պետությունների հետ հետընդունման համաձայնագրերի կիրարկման արձանագրություններ, որոնք հստակեցնում են կարգը, թե ինչպես պետք է Հայաստանը հետ ընդունի Եվրամիությունում անօրինական գտնված իր քաղաքացիներին կամ հակառակը։
«Մենք յուրաքանչյուր երկրի հետ կնքում ենք այդ համաձայնագրի կոնկրետ կիրարկման արձանագրությունը, թե ինչպես պետք է այդ համաձայնագիրը կյանքի կոչենք, կոնկրետ ասենք` Գերմանիայի հետ փոխադարձ շփումներում», - ասում է Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Նրա խոսքով՝ Եվրամիությունից Հայաստան մեծաթիվ մարդկանց վերադարձնող երկրների շարքը գլխավորում է Գերմանիան, երկրորդ տեղում Ֆրանսիան է։ Անցյալ տարի՝ 2019-ին, Եվրամիությունը հարցում է ուղարկել 1656 մարդու Հայաստանի քաղաքացիության վերաբերյալ, հաստատվել է նրանցից 1444-ի Հայաստանի քաղաքացի լինելը, ապա այս մարդկանց մեծ մասը վերադարձել է։ 2020 թվականի առաջին 3 ամիսներին Եվրամիությունից ստացվել է ռեադմիսիայի 574 հայց, Հայաստանի կողմից հաստատվել է 450-ը:
«Մի փոքր խնդիրներ ունենք փաստացի վերադարձի արձանագրման հետ կապված, դա տեխնիկական և վիճակագրական խնդիրներն են, որոնք առաջիկայում կլուծենք և հստակ կիմանանք, թե այդ 450 հաստատումից կոնկրետ քանիսն են վերադառնում, բայց հիմնականում ճնշող մեծամասնությունը վերադարձվում են մեր քաղաքացիների», - նշում է ծառայության պետը:
Հայաստանում Միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունները վերադարձած մարդկանց աջակցելու մի շարք վերաինտեգրման ծրագրեր ունեն, դրանց վերջերս միացել է նաև կառավարության ֆինանսավորած 1 ծրագիր. կես տարի աջակցում են վերադարձածներին` վճարել բնակարանի վարձը. - «Հարկադիր վերադարձողների պարագայում, ում հարկադրաբար վերադարձնում են Հայաստան, կա մի որոշակի խումբ, որ կարող է հարկադիր վերադարձվել և մնալ փողոցում, բառիս բուն իմաստով չունենալ բնակության որևէ վայր: Նման անձանց համար կառավարությունը հաստատել է ծրագիր, փոքր, բայց կարծում եմ` կարևոր քայլ է, և հետագայում պետք է կառուցենք այս նույն տրամաբանության շրջանակներում»:
Նինա Գևորգյանն այսօր Կրթության նախարարությունում էր 2 երեխաների՝ 16 տարեկան Մոնիկայի և 11 տարեկան Մոնթեի հետ։ Մարտին Ֆրանսիայից Հայաստան արտաքսված երեխաները դեռ դպրոց չեն հաճախում, նրանք հայերեն գրել-կարդալ չգիտեն, տիրապետում են կենցաղային մակարդակի հայերենի, մայրիկի խոսքով՝ հայկական դպրոց հաճախել չեն կարող, Երևանում գործող ֆրանսալեզու դպրոցները չափազանց թանկ են. - «Երեխան այն դասարանում չի, որ հասցնի մասնիկները սովորել, հետո տառ սովորի ու չգիտեմ` որ թվին սկսի աշխարհագրություն կարդալ հայերենով: Եթե իմ երեխեքը լինեին 3-4 կամ 6-7 տարեկան, արդեն ուրիշ հարց էր, բայց աղջիկս ավարտում է ու լավ արդյունքներ ունի Ֆրանսիայում»:
Առողջական լուրջ խնդիրներ ունեցող ամուսնու և 2 երեխաների հետ Հայաստան վերադարձված Նինան այսօր հարց է ուղղել Կրթության նախարարությանը` ինչպե՞ս կազմակերպի երեխաների կրթությունը, պատասխան համենայն դեպս այսօր չստացավ. - «Գոնե այդ հարցով աջակցեն, դա է մեր պրոբլեմը, ամենամեծ պրոբլեմը` չհաշված սոցիալական մեր մյուս լուրջ խնդիրները»:
Կրթության նախարարության դուռը միակը չէ, որ ընտանիքը հասցրել է թակել։ Մարտին Հայաստան վերադառնալուց հետո դիմել է «Կարիտաս», Կարմիր խաչ, տարբեր հիմնադրամների ու կազմակերպությունների, որոշներից ստացել միանվագ օգնություն՝ ոսպ, բրինձ, լվացքի փոշի և այլն, սակայն Նինան ասում է՝ նախ և առաջ աշխատանք պետք է գտնի, բայց աշխատանքի դիմումները անպատասխան են մնում, շատերն էլ ասում են՝ Covid-ի պատճառով անգամ ստիպված են եղել կրճատումներ անել. - «Մասնագիտությամբ բժշկական սարքավորումների ինժեներ եմ ու շատ լավ տիրապետում եմ ֆրանսերեն լեզվին, շատ լավ եմ տիրապետում, ազատ տիրապետում եմ, գրել-կարդալ, խոսքին, ռուսերենին եմ շատ լավ տիրապետում, դե հայերենն էլ բնականաբար իմ մայրենի լեզուն է: Ես էս իմ ամեն տվյալներով շատ մեծ ցանկություն ունեմ ինչ-որ մի տեղում աշխատել, որպեսզի կարողանամ ապահովել իմ երեխեքին, կարողանամ իմ սոցիալական հարցերը, քանի որ ոնց ասացի, ամուսինս ունի առողջական խնդիրներ: Չեմ ասում` մենք այնտեղ չգիտեմ ինչ շքեղ կյանքով ենք ապրել, բայց մենք էստեղ այսօր անգամ երևի մեր սեփական արդուկը չունենք»:
Կնոջ խոսքով` 10 տարի առաջ Հայաստանից «լավ օրից չի, որ հեռացել են», ապա Ֆրանսիայում ապրել են լարված կյանքով՝ փաստաթղթեր չունենալու պատճառով, հետո արդեն այս տարի արտաքսվել են ոստիկանական սպառնալիքների ներքո, թե եթե չնստեք ինքնաթիռ, ձեզ շղթայած կվերադարձնենք Հայաստան։ Մայրն ասում է՝ երեխաները դեռ ուշքի չեն գալիս. - «Աղջիկս սթրեսից ուշագնաց եղավ մեր գալուց մի քանի օր հետո: Ընդհանրապես ոչ մի բան չէր ուտում, չէր քնում, ես ասում եմ` մենք հլը ուշքի չենք եկել»:
Խոստովանում է` միայն երեխաների կրթությունն արդեն իր համար բավարար պատճառ է Ֆրանսիա վերադառնալու համար, եթե հնարավորություն լիներ, սակայն մեծ սիրով կտեղավորվեն նաև Հայաստանում, եթե պայմաններ լինեն։ Հունիսին իր խնդիրների մասին անգամ վարչապետին է գրել, կարճ հաղորդագրություն է ստացել՝ «Ձեզ կպատասխանեն Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունից»: 3 ամիս է` սպասում է պատասխանի։