Գարդասիլի պատվաստանյութ ստացած աղջիկը չի կուրացել. ԲԿ

Գարդասիլի պատվաստանյութ ստացած աղջիկը չի կուրացել, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնն այսօր հայտարարեց, որ լրատվամիջոցներն ապատեղեկատվություն են տարածել։

Երեկ «Փաստինֆո» լրատվական կայքը գրել էր, որ 2003 թվականին ծնված անչափահաս աղջիկը սեպտեմբերի 14-ին գարդասիլի պատվաստանյութ ստանալուց անմիջապես հետո ամբողջովին կուրացել է, նյութն արագորեն տարածեցին մի շարք այլ կայքեր՝ Antifake, Tert.am, News.am ու մի շարք այլ լրատվամիջոցներ։ Լուրը առաջինը հրապարակած «Փաստինֆոն» մինչ այս պահը նյութը չի հեռացրել իր կայքից, ոչ էլ հերքմամբ է հանդես եկել։

Այսօր աղջկան հերթական անգամ ակնաբույժը հետազոտել է, նրա մոտ հայտնաբերվել է թույլ հեռատեսություն, աղջիկը պետք է ակնոց կրի։

Առողջապահության նախարարությունն ընդգծում է՝ որևէ պատվաստանյութ տեսողական այսպիսի խնդիրների չի կարող հանգեցնել: «Չկա այդպիսի պատվաստում, որը նման երևույթ առաջացնի», - ասում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը: Վերջինս «Ազատության» հետ զրույցում որոշ տվյալներ ներկայացրեց` 2017-ից մինչ օրս Հայաստանում գարդասիլի՝ մարդու պապիլոմավիրուսի պատվաստանյութ է ստացել շուրջ 80 հազար մարդ, և չնայած գարդասիլի վերաբերյալ բազմաթիվ շահարկումներին, որևէ մեկի մոտ այն ծանր հետևանքներ չի առաջացրել. - «Մեր հիմնական լուրջ դեպքը եղել է տեղային ռեակցիան, որը պապիլոմային բնորոշ է»:

Գարդասիլը մարդկանց պաշտպանում է մի շարք հիվանդություններից. պատվաստանյութը համարվում է կանանց արգանդի վզիկի քաղցկեղը կանխարգելող միջոց։ «Բավականին ապացուցողական տվյալներ կան այսօր աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, որ պատվաստումներն անվտանգ են, արդյունավետ շատ ահավոր մի հիվանդության կանխարգելման գործում, ինչպիսին արգանդի վզիկի քաղցկեղն է և մի շարք այլ քաղցկեղների և՛ տղամարդկանց, և՛ կանանց մոտ», - ասաց Գայանե Սահակյանը:

Գարդասիլի մասին վերջին տարիներին հանրությունն ինչ ասես լսել է. այս պատվաստանյութին դեմ հանդես եկողները պնդում են, որ այն վտանգավոր է մարդկանց առողջության համար, կարող է անգամ անպտղություն առաջացնել։ Գայանե Սահակյանի գնահատմամբ` այսպիսի պնդումներով Հայաստանում որոշ ուժեր փորձում են խանգարել իրենց աշխատանքը. - «Որոշ ուժեր, մարդկանց որոշակի խմբեր փորձում են յուրաքանչյուր նմանատիպ, օդից վերցրած տեղեկատվություն օգտագործել ի շահ իրենց անձնական, թե չգիտեմ ինչ շահերի և խաթարել այնպիսի կարևոր ոլորտ, ինչպիսին իմունիզացիան է»։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ընդգծում է՝ գարդասիլն ամբողջ աշխարհում է մանիպուլյացիաների թեմա, եթե նախկինում շատերը պատվաստումների կողքով անտարբեր անցնում էին, ապա այժմ այդ խոսակցություններն ակտիվացրել է կորոնավիրուսը։ «Հայաստանում էլ գարդասիլը, գիտեք, հենց թեման մտավ, ինքը միանգամից դարձավ քաղաքական-հասարակական շահարկումների առիթ, երկու կողմից էլ շատ ագրեսիվ հակամարտություն է գնում»:

Մարտիրոսյանը կռահում է՝ երբ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Հայաստան հասնի, դրա մասին էլ նմանատիպ շահարկումներ կլինեն. - «Մի քանի ամիս հետո մենք ստանալու ենք այսպիսի իրավիճակ, մեզ վրա ազդելու են համ Ռուսաստանից եկող նյութերը, ներառյալ ֆեյքերը, համ արևմտյան տեղեկատվական հոսքերը»: Առողջապահության նախարարության ներկայացուցիչը ևս չի բացառում, որ Covid-ի պատվաստանյութն էլ գարդասիլի նման դավադրապաշտական տեսությունների անսպառ նյութ դառնա։