Արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնավարումը վարչապետի հանձնարարականով կշարունակվի

Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը կշարունակի պաշտոնավարել։ Վարչապետի հանձնարարականով երկարաձգվելու է նրա աշխատանքային պայմանագիրը։

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանցից, որոնք որ սատարեցին այս լարված իրավիճակում, ավելորդ լարվածություն չմտցրին: Սա շատ կարևոր բան է: Մենք մեր ձայնն էինք բարձրացրել միայն, սա ոչ երբեք հիվանդի շահերի դեմ կարող էր օգտագործվել, երբեք չի եղել, և ենթադրում եմ` չի լինի, բայց լսելի դառնալու ցանկությունը մարդ արարածի համար հասկանալի խնդիր է: Տեսնելով այլ բժշկական կենտրոնների կադրային քաղաքականությունը` անհանգստություն էր առաջացել, բնական է, աշխատողների կողմից, և իրենք ուզում էին ճշգրտումներ մտցնել», - ասում է Սամվել Դանիելյանը:

Նիկոլ Փաշինյանը երեկ Ֆեյսբուքում գրել էր նաև. «Չթաքցնեմ, տարակուսած եմ, որ այս պատմության ընթացքում որոշ բժիշկների կողմից թեկուզ ոչ ուղղակի սպառնալիք է հնչել հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի: Եթե նրանք երեխաներին բուժում են այնպես, ինչպես խոսում են, մտածելու շատ լուրջ բան ունենք: Ամեն դեպքում նման կեցվածքը չի կարող անարձագանք մնալ, առնվազն ստուգելու համար տպավորությունների և իրականության հարաբերությունները»:

Արյունաբանական կենտրոնի տնօրենն ասաց՝ հանդիպել է երեխաների ծնողների հետ, վստահեցրել՝ նրանց բուժումը ոչ մի կերպ կանգ չի առնի. - «Երբևէ որևէ մի բժիշկ որևէ հիվանդի որևէ դեղի, բուժման որևէ պրատակոլի հետաձգման կամ չեղարկման մասին խոսք չի եղել, աշխատակազմի դադարեցման մասին եղել է խոսք։ Սա իրենց սահմանադրական իրավունքն է, բայց չեղարկելու մասին խոսք չի եղել, այսինքն` մենք կկազմակերպենք անդադար, և աշխատանքը կգնա առաջ, էդպես անտարբեր չի կարող լինել որևէ բժիշկ Արյունաբանական կենտրոնում, սա փաստ: Որևէ մեկը, որ այսօր քննադատում է մեզ, թող գան, մեկ օր հերթապահեն, տեսնեն, թե ինչպես է լինում մահվան և կյանքի միջև պայքարում բժշկի դերը»:

Առողջապահության նախարարը սակավախոս է, չի մեկնաբանում, թե ինչու իր որոշումը վարչապետի միջամտությամբ չեղարկվեց: Երեկ միայն պնդեց, որ Դանիելյանին աշխատանքից ազատելու իր որոշման, այնուհետև վարչապետի՝ իրեն ուղղված հանձնարարականում որևէ հակասություն չկա։ Այսօր էլ նախարարությունից հրաժարվեցին մեկնաբանել, թե ինչու էր Արսեն Թորոսյանը որոշել չերկարաձգել Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը։

Առողջապահական գերատեսչությունը արյունաբանական կենտրոնի տնօրենին ծանուցել էր, որ հոկտեմբերի 1-ից լրանում է նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը։ Սրան հետևել էին Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բժիշկների ազատման դիմումներն ու վարչապետ Փաշինյանին ուղղված բաց նամակը, որտեղ ասում էին, թե տնօրենի ազատման որոշումը չհիմնավորված և անտրամաբանական է։

«Բուժաշխատողները և պացիենտները կողք կողքի պայքարեցին իրավունքի համար ու կամայականությունների դեմ: Սա կարծում եմ` պետության համար կարևորագույն հաղթանակ է, և համոզված եմ` եթե վարչապետը գա այս կենտրոն և ծանոթանա այս ամեն ինչի հետ, երեկվա իր որոշումը կհամարի իր մեծագույն հաղթանակներից մեկը: Եթե անդրադառնամ վարչապետի գրառման ամենավերջին հատվածին, որ ասաց` պիտի ստուգվի իրականության և տպավորությունների համապատասխանությունը, ես սիրով հրավիրում եմ և շատ կուզենամ, որ վարչապետն այցելի այս կենտրոն, տեսնի այն աշխատանքը, ինչը որ արվում է բուժաշխատողների կողմից, ամբողջ կոլեկտիվի կողմից, արվում է անաղմուկ, առանց դրա մասին բարձրաձայնելու», - ասում է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը:

«Մենք պայքարում էինք այս նույն երեխաների ապագայի և գրագետ բուժումը հնարավոր դարձնելու համար», - նկատում է Մանկական ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանը:

Ի դեպ, երեկ վարչապետի հանձնարարականից հետո նրա կինը՝ Աննա Հակոբյանը, հայտարարեց՝ դադարեցնում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մարդկանց աջակցելու համար ստեղծված «Սիթի օֆ սմայլ» (City of smile) կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի իր լիազորությունները։ Թե որն է այս որոշման պատճառը և արդյոք կապ ունի Արյունաբանական կենտրոնի զարգացումների հետ, Հակոբյանի մամուլի խոսնակը որևէ մեկնաբանություն չտվեց։

Ավելի ուշ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներն ու երիտասարդները շարունակելու են գտնվել իր աջակցության և հոգածության ներքո։ Արյունաբանական կենտրոնի տնօրենն այսօր նշում էր՝ կենտրոնը մեծ ձեռքերումներ ու արդյունքներ է գրանցել՝ շնորհիվ բարեգործական հիմնադրամների, հիմնականում՝ «Սիթի օֆ սմայլի»։