Բրիտանիայում կորոնավիրուսի տարածումն արագորեն աճում է

Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքն այսօր ասել է, որ կորոնավիրուսը երկրով մեկ արագ տարածվում է, յուրաքանչյուր 8-րդ օրը հոսպիտալացվողների քանակը կրկնապատկվում է։ Չնայած վատթարացող իրավիճակին, նա խուսափել է ասել, թե արդյոք Բրիտանիայում երկրորդ անգամ լոքդաուն կհայտարարվի։

Այդ մասին տրված հարցին Հենքոքը պատասխանել է, թե լոքդաունը վերջին, ծայրահեղ քայլն է։ Նա նշել է, որ լոկալ գործողությունները կարող են կանխել համապետական լոքդաունը, և որ կառավարությունը հնարավորինս անում է վիրուսի դեմ պայքարում։

Ջոնս Հոփքինսի բժշկական համալսարանի վիճակագրության համաձայն` կորոնավիրուսի հետևանքով մահացածների քանակով Բրիտանիան աշխարհում 5-րդն է՝ ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Հնդկաստանից ու Մեքսիկայից հտո։

Սեպտեմբերին COVID-19 վիրուսի դեպքերը Եվրոպայում կրկին աճում են։ Ֆրանսիայում մեկ օրում գրանցվել է 10 հազար նոր դեպք։ Բրիտանիայում վերջին շաբաթվա ընթացքում օրական արձանագրվում է 3-ից 4 հազար դեպք։ Սեպտեմբերի 17-ին Բրիտանիայում կորոնավիրուսից 21 մարդ է մահացել, մահվան դեպքերը հասել են 41 հազար 705-ի։

Ամբողջ աշխարհում COVID-19 վիրուսի հաստատված դեպքերը անցել են 30 միլիոն 300 հազարը, վարակվածներից 22 միլիոնը բուժվել են, 950 հազարը` մահացել։