Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է, այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության պրոցեսում կային մարդիկ ու շրջանակներ, որոնք անընդհատ ուզում էին խոսել հեղափոխության արժեքների մասին և փորձում էին իրավիճակը համեմատել հեղափոխության արժեքների հետ: Այնպիսի տպավորություն էր, որ հեղափոխությունը կառավարած կամ ղեկավարած քաղաքական թիմը ընդհանրապես գաղափար չունի հեղափոխության արժեքների մասին, և մարդիկ, ովքեր հեղափոխության մասին իմացել են մայիսի 8-ից մի շաբաթ հետո, իրենք դարձել են հեղափոխության արժեքների ջերմեռանդ պաշտպաններ: Այդպե՞ս է արդյոք, ես ուզում եմ ասել, որ ոչ, ադպես չէ», - ասաց վարչապետը:
Շարունակելով նա նշեց, որ ամեն իրավիճակում կան խմբեր ու ուժեր` քաղաքական, ոչ քաղաքական, որ ուզում են իրենց օրակարգը, շահերը, մարդկանց, թեկնածուներին, «կամակատարներին այսպես ասած` հանրության անունից որոշակի տեղերում տեղավորեն»: «Ես կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել Ազգային ժողովում, շատ կարևոր բան է տեղի ունեցել` Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է, փակվել է», - շեշտեց Հայաստանի վարչապետը` միաժամանակ նկատելով, սա չի նշանակում, որ ձևավորվել է իդեալական Սահմանադրական դատարան, կառավարությունն էլ իր թեկնածուին առաջադրել է «իր լիազորությունների շրջանակում որոշում կայացնելով»:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը երեկ փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրեց բոլոր երեք թեկնածուներին՝ Արթուր Վաղարշյանին, Երվանդ Խունդկարյանին ու Էդգար Շաթիրյանին: Թեկնածուների ընտրության շուրջ քննարկումը 2 օր առաջ էր կայացել, քննադատությունների պակաս չէր եղել։
Ընդդիմադիր երկու խմբակցությունները բոյկոտել էին քվեարկությունը, իսկ որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել էր բոլորին դեմ քվեարկելու մասին։