Այսօր Գյումրիում Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի բացմանը մասնակցող Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե Հայաստանում արտոնյալ գործարարներ չկան:
«Հատկապես վերջին երկու տարիներին ՊԵԿ-ի համար արտոնյալներ չկան, և դա մենք մեր աշխատանքով ապացուցել և բազմիցս հիմնավորել ենք: ՊԵԿ-ը գործառույթներ է իրականացնում առհասարակ էն տնտեսվարողների նկատմամբ, որոնք վերաբերյալ ունենում է համապատասխան հիմք, համապատասխան առիթներ: Այս կամ այն շարժառիթով կապելով գործարարի անձը և այլն` Պետական եկամուտների կոմիտեում վաղուց միջոցառումներ, ստուգումներ չեն նախաձեռնվում: Դա ես ձեզ վստահեցնում եմ», - ասաց Հովհաննիսյանը:
ՊԵԿ-ը իր կազմում քննչական վարչություն ունի, որը բացահայտում է տնտեսական բնույթի հանցագործություններ։ Հարցին, թե արդյոք առաջիկայում կլինեն նոր բացահայտումներ, Էդվարդ Հովհաննիսյանը հակիրճ պատասխան տվեց. – «Սպասենք»:
Երեկ ՊԵԿ-ը հայտարարեց «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող նոր քրեական գործի մասին, որը վերաբերում է 2012 և 2017 թվականների խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք բաժանելուն։
Էդվարդ Հովհաննիսյանը նախընտրեց այլ մանրամասներ չհայտնել. – «Նախաքննության մարմինը նախաքննության թույլատրելի շրջանակներում արդեն տեղեկատվություն հրապարակել է: Դուրս չգալով դրա սահմաններից, մի փոքր ներկայացնեմ, որ դեպքերը վերաբերվում են 2012 և 2017 թվականների Ազգային ժողովի համապատասխանաբար հինգերորդ և վեցերորդ գումարման ընտրություններին»:
ՊԵԿ-ը քրեական գործ էր հարուցել նաև Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նկատմամբ՝ ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու հատկանիշներով: Այս դեպքում էլ պաշտոնյան միայն նշեց, որ գործը արդեն այլ մարմինների տիրույթում է. – «Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը այս պահին դատարանների քննության տիրույթում է գտնվում: Սպասենք, կունենանք գնահատական»:
Անդրադառնալով հագուստի առևտրող զբաղվող տնտեսվարողների վերջին բողոքի ակցիաներին՝ Էդվարդ Հովհաննիսյանն ասաց, որ մաքսազերծման գները վերանայվել են։ Հագուստ վաճառողները դժգոհում էին, որ ապրանքը այսուհետ ոչ թե կիլոգրամով, այլ հատով են մաքսազերծելու։
ՊԵԿ նախագահ. – «Կիլոգրամներով մաքսազերծումը ինքնին մաքսային ձևակերպումների մասով եղել է ընդամենը ժամանակավոր լուծում և անցումային փուլի համար նախատեսված մոտեցում: Վաղ թե ուշ մենք պետք է մաքսազերծումներն իրականացնենք օրենսդրական պահանջներին լիարժեք համապատասխան: Մեր կողմից գնահատվել և կրկին վերանայվել են ապրանքների գները: Ապրանքի գների հետ որևէ տնտեսվարող որևէ առարկություն չունի և, իմ կարծիքով, չի կարող ունենալ, քանի որ նրանք չափազանց խելամիտ են: Եվ նշված գներով պետք է շարունակվի մաքսազերծումը»:
Ինչ վերաբերում է Հյուսիսային մաքսատանը, ապա Կառավարությունը արդեն 5 մլրդ դրամ է ներդրել դրա սպասարկման կենտրոնի կառուցման համար։ Առաջին փուլն ավարտվել է, հաջորդ տարի կմեկնարկի 2-րդը։
Իշխանությունները նախատեսում են մաքսատունը ամբողջությամբ շահագործել 2022 թվականին։ Այսուհետ արտահանման մաքսազերծումը կիրականացվի նորակառույց կենտրոնում:
Էդուարդ Հովհաննիսյան. – «Արտահանման գործարքների համար կենտրոնը պատրաստ է աշխատանքի և մեր բոլոր տնտեսվարողներին, հյուսիսային դարպասով արտահանումներ իրականացնող տնտեսվարողներին հրավիրում ենք Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության կենտրոն արտահանման գործարքները ձևակերպելու համար»:
Իշխանությունները կարծում են, որ Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկաման կենտրոնը Գյումրիում կառուցելով Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում տնտեսական աշխուժություն կմտնի։