Ընդդիմադիրների տպավորությամբ, կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանության նախաձեռնած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը կաշխատի։
Հանձնաժողովը դեռ հուլիսին է ստեղծվել՝ ընդդիմադիր ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի նախաձեռնությամբ ու իրավունքի ուժով, բայց որպեսզի փաստացի գործի, Ազգային ժողովը պետք է սահմանի հանձնաժողովականների թիվը, այս դեպքում արդեն` խորհրդարանի որոշմամբ: Իսկ այն առանց մեծամասնություն ունեցող «Իմ քայլի»` միայն ընդդիմադիրների ձայներով չի կարող ընդունվել: Եթե իշխանականների տրամադրվածությունը դրական լինի, հանձնաժողովը կղեկավարի Արկադի Խաչատրյանը («Լուսավոր Հայաստան»):
Հանձնաժողովը 12 անդամ կունենա: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով, 7-ն «Իմ քայլից» կլինեն, 3-ը` «Բարգավաճ Հայաստանից», 2-ը` «Լուսավոր Հայաստանից»։
Էդմոն Մարուքյան. - «Չհաստատվել, նշանակում է վախենալ լինել հաշվետու»:
«Իմ քայլում», ըստ Հովիկ Աղազարյանի, որոշում չկա: Բայց ինձն անձամբ կողմ է, որ հանձնաժողովն աշխատի: Ւր տեսակետը կիսողներ իշխանական խմբակցություն էլի կան. - «Եթե եղել են թերություններ, մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու էս կորոնավիրուսի հետ, էդ թերությունները վերացվի: Եթե չկան թերություններ, կամ թերությունները էական չեն եղել, ապա այդ մասին հասարակությունն ավելի լավ կիմանա: Այնպես որ, ես կարծում եմ, սա օգտակար նախաձեռնություն է»:
Ընդդիմադիրներն ուզում են հանձնաժողովի քննության առարկա դարձնել ոչ միայն համաճարակի վերացման ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, այլև արտակարգ դրության ընթացքում մարդու իրավունքների սահմանափակումների իրավաչափությունը։
ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը կարծիքով, օդում կախված լուրերը քննարկման տեղը ոչ թե փողոցն է, այլ խորհրդարանը: Էդմոն Մարուքյանն ասաց, թե պնդելու է, որ հանձնաժողովում քննարկումները բաց լինեն:
Նաիրա Զոհրաբյան. – «1100-ից ավելի մահեր: Ես գիտեմ բազմաթիվ դեպքեր, և դրանք մեկը չեն, երկուսը չեն, տասը չեն, որ տնային պայմաններում բուժում ստացող մարդկանց որևէ դեղորայքային օգնություն ցույց չի տրվել, բայց այդ մարդկանց համար ըստ էլի օդում կախված լուրերի, հատկացված և դուրս գրված են եղել գումարներ: Հիմա ի՞նչ եղան էդ գումարները»:
Էդմոն Մարուքյան. - «Օրինակ, «Մարիոթ» հյուրանոցում առողջ մարդկանց 14 օր ինչի՞ ենք պահել պետության փողերի հաշվին: Եթե ամեն ինչ նորմալ ա էղել, ասել` լավ, սաղ շահարկում էր, ամեն ինչ նորմալ ա: Եթե ամեն ինչ նորմալ չի էղել, ուրեմն կոնկրետ մարդիկ պետք ա կոնկրետ պատասխան տան»:
Այսօրվա քննարկումները բուռն էին. իշխանությունն ու ընդդիմությունը իրար հիշեցրեցին մարտից՝ կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո արածն ու ասածը: Մեղադրանքների պակաս չեղավ։
Հիշեցին նաև Ծառուկյանի «կորոնավիրուսը բարի մարդկանց չի կպնում» հայտարարությունը, ընդդիմությունից էլ հակադարձեցին Փաշինյանի «կորոնավիրուսն ում շունն է» արտահայտությամբ:
Ամեն ինչ սկսվեց, երբ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը նախաձեռնության հեղինակներից Էդմոն Մարուքյանին հարցրեց՝ արդյո՞ք ընդդիմության ապակողմնորոշող հայտարարությունները ու վնասակար ազդեցությունը համավարակի հաղթահարման գործում ևս հանձնաժողովը քննելու է. - «Մասնավորապես, ասվել է ընդդիմության կողմից, որ պետք է փակել Իրանի և Իտալիայի սահմանը, հետո ասվել է, որ կարանտինի անվանումը կխանգարի, որ սահմանները բացվեն: Առաջարկվել է, որ խորհրդարանը չաշխատի, հետո բողոքել եք, որ խորհրդարանում դիմակ պետք է չկրեն պատգամավորները: Երկրում արտակարգ դրություն է սահմանված եղել, բայց եղել են բողոքի ակցիաներ, երբ վարակվել են պատգամավորներ և ոստիկաններ»:
Մարուքյանն արձագանքեց` իշխանությունը մեծամասնություն է ունենալու ու իր ձեռքում է, թե ինչ հարց բերել օրակարգ. - «Երբ որ ասվել է Իրանի սահմանը փակեք, Իտալիայի չվերթները փակեք, դա հենց էն պահին պետք է արվեր, երբ որ Հայաստան էին գալիս վարակակիրներ, իսկ Հայաստանում դեռ չկային վարակակիրներ: Ասվել է հետևյալը, որ Ազգային ժողովի նախագահը չի կարող պատգամավորին հեռացնել նիստերի դահլիճից, եթե պատգամավորը դիմակ չի կրում: Բանավեճը դրա մասին է եղել: Հետևաբար էդ տեղեկությունը, որ հիմա Դուք հրապարակում եք, դա իրականությանը չի համապատասխանում»:
Լենա Նազարյանի ակնարկը ակնհայտորեն ԲՀԿ նախագահի խափանման միջոցը հարցը որոշելու օրերի հավաքներին էր վերաբերում:
Ծառուկյանի ղեկավարած խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը որոշեց այն անպատասխան չթողնել. - «Մենք ձեզ հետ միասին կքննարկենք, այո: Ինչպես տիկին Նազարյանը նշեց, միտինգների ժամանակ վարակվածների և «Այո»-ի քարոզարշավի ժամանակ վարակվածների, կորոնավիրուսը պինդետով և արաղով ախտահանելու, ձեզ հետ միասին կքննարկենք հիմա լեռներում մագլցող մեր սկալալազ նախարարի բազմաթիվ հայտարարությունները` դիմակ դրեք, դիմակ մի դրեք, վայ, հեսա էկել եմ, լրագրողներ, ձեզ կվարակեմ, խա-խա-խա...»
Երկու ընդդիմադիր խմբակցություններից էլ կարծիք է հնչում` կորոնավիրուսի դեմ պայքարը իշխանությունը տապալել է:
«Իմ քայլից» Հովիկ Աղազարյանը տրամագծորեն հակառակ կարծիքին է` Կառավարությունն այդ ֆրոնտում արդեն հաղթանակել է ու կշարունակի հաղթարշավը. – «Եթե Կառավարությունը էս միջոցները չձեռնարկեր, մահվան դեպքերը կլինեին շատ-շատ»:
Չնայած փոխադարձ կսմիթներին` իշխանականները կտրուկ ոչ էլ չէին ասում, շատ դեպքերում առաջարկում էին հարցեր, որ կարող են դառնալ հանձնաժողովի քննարկման առարկա: Օրինակ, պետության կարողությունները համավարակի սկզբին ինչպիսի՞ն էին: Նախաձեռնողների պատասխանը դրական էր:
Քննարկումներն այսօր անցկացվեցին, քվեարկությունը կանցկացվի վաղը: