Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը վաղը կբացի իր 15-րդ համերգաշրջանը

Սերգեյ Սմբատյանը (Ձ), Տիգրան Մանսուրյանը (Կ) և Կարեն Ղազարյանը համերգաշրջանը բացմանը նվիրված մամուլի ասուլիսում։

Վաղը՝ սեպտեմբերի 15-ին Մարզահամերգային համալիրում կայանալիք գալա համերգով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը բացում է իր հոբելյանական 15-րդ համերգաշրջանը:

Այսօր հրավիրված ասուլիսին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը հավաստիացրեց, որ համերգի ընթացքում խստագույնս պահպանվելու են հակահամավարակային բոլոր միջոցները:

«Դահլիճը մեծ է, և մենք հնարավորություն ունենք ունկնդրի համար ապահովել անվտանգության բոլոր կանոններ», - շեշտեց համալիրի տնօրենը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, մինչև առաջիկա համերգաշրջանին անդրադառնալը, ներկայացրեց նախորդ համերգաշրջանի ընթացքում կատարած ստեղծագործական աշխատանքը, որը շատ տպավորիչ է. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը այս մեկ տարվա ընթացքում միայն Հայաստանում ունեցել է 6 փառատոն, 51 համերգ՝ 17 անվանի մենակատարների մասնակցությամբ, կատարվել է 196 ստեղծագործություն, որոնցից 105-ը` հայ կոմպոզիտորների: Նվագախումբը նաև հյուրախաղերով է հանդես եկել բազմաթիվ երկրներում, այդ թվում եվրոպական: Արտասահմանյան հյուրախաղերի ընթացքում նվագախումբն ունեցել է ունեցել է 23 հազար ունկնդիր:

Սերգեյ Սմբատյան. – «50 համերգ ենք ունենալու այս տարի և շատ կարևոր հյուրախաղ: երկու շատ մեծ և կարևոր ձայնագրության նախագիծ ունենք և փառատոն ենք պլանավորում անցկացնենք: Եվ ամենակարևորը` վաղը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում կմեկնարկի մեր սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ համերգաշրջանը: Ծրագրում ունենք շատ հետաքրքիր ստեղծագործություններ»:

Այսօր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ համերգաշրջանի բացմանը նվիրված ասուլիսին ներկա էր նաև մաեստրո Տիգրան Մանսուրյանը: Նա ևս փաստում էր, որ սիմֆոնիկ նվագախմբի հետ մեծ աշխատանք են կատարել. – «Ես իմ հոբելյանական տարին ապրեցի անցյալ տարի, և այս սիմֆոնիկ նվագախումբը մեծապես իմ կողքին եղավ: Մենք լավ ճամփորդեցինք Արցախից սկսյալ մինչև Գյումրի: Մեր ծրագրերը համատեղ աշխատանքի նոր հունի մեջ են մտնում: Այդ առթիվ ես խորապես շնորհակալ եմ: Սիրում եմ երիտասարդության հետ աշխատել: Շնորհավորում եմ վաղվա այս իրադարձությունը` համերգաշրջային բացման, մաղթում եմ նվագախմբին և իր ղեկավարությանը, Սերգեյ Սմբատյանին նոր կապեր հաստատել, նոր լսարաններ նվաճել, նոր մենակատարներ, խմբեր միացնել նվագախմբին և հարուստ կյանքով ապրել»: