Իսրայելը կդառնա աշխարհի առաջին պետությունը, որ կորոնավիրուսի համաճարակի ընթացքում երկրորդ անգամ համապետական լոքդաուն կհայտարարի։ Երկրի կառավարությունը այս քայլին է դիմել կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճի պատճառով. վերջին մեկ շաբաթում ամեն օր Իսրայելի տարածքում միջինը 3 հազար վարակակիր է հայտնաբերվում։
Երեքշաբաթյա կարանտինային միջոցառումները ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 18-ին։ Իսրայելի կառավարության կայացրած որոշման համաձայն՝ երկրի բնակիչները լոքդաունի ընթացքում իրավունք կունենան իրենց բնակության վայրերից հեռանալ առավելագույնը 500 մետրով։ Մինչև հոկտեմբերի 9-ը չեն գործելու բոլոր դպրոցները, առևտրի կենտրոններն ու ռեստորանները։
Կարանտինային նոր միջոցառումների մասին կիրակի երեկոյան հայտարարեց Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ Վաշինգտոն մեկնելուց առաջ։ ԱՄՆ մայրաքաղաքում Նեթանյահուն մասնակցելու է Արաբական Միացյալ Էմիրությունների և Բահրեյնի հետ հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրերի՝ սեպտեմբերի 15-ին կայանալիք ստորագրմանը։