Աննա Դանիբեկյանը գուցե կաշկանդված է, այդ կաշկանդվածությունը պետությունը պետք է մեղմի. Անդրանիկ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստերը շարունակվում են առանց Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների: Մեկևկես տարի շարունակվող ու գործի բուն քննությանը չհասնող դատավարությունը նրանց փաստաբանները ֆարս են որակել և բոյկոտել:

Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր Մարտի 1-ի նախկին Փաստահավաք խմբի անդամ, Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

Անդրանիկ Քոչարյան. – Պարոն Եգորյանը ենթադրում է, որ պետք է համակարգային փոփոխությունների փուլը մենք անցած լինեինք, բայց դրա համար, այնուամենայնիվ, իրավական տրամաբանված քայլերի հաջորդականություն էր պետք իրականացնել:

Հիմա, այդ ընթացքը կա, կարող է բավարարվի, կարող է՝ չէ: Եթե հիշում եք՝ հայտարարվեց նաև վեթինգի և այդ վեթինգի գաղափարի հնարավոր կիրառման և գործընթացի տրամաբանության մասին, և շատերը սպասում էին, որ վեթինգը դա մեկ հարվածով պետք է ամբողջ համակարգը փոխվեր: Դա, պարզվում է, որ այդքան էլ հեշտ գործընթաց չի, այդ գործընթացը պետք է իր մեջ պարունակի նաև օրենսդրական և իրավական քայլերի ճիշտ տրամաբանական հաջորդականություն:

Բայց դա չի նշանակում, որ դատավարությունը պետք է սպասի, մինչև որ համակարգային փոփոխությունները տեղի ունենան: Վերջին հաշվով՝ մեղադրանքը առկա է, մենք հիմա պետք է արդեն դատաքննական փուլում արդեն վկայությունները լսած լինեինք և բավականին խորացած պետք է լինեինք: Հիմա անընդհատ մեղադրել, որ փաստաբանական խումբը կարողանում է, էսպես, գտել է իրավական ճեղքեր՝ խուսափելու դատաքննական փուլ մտնելուց, դա էլ սխալ է, որովհետև բա դատավո՞րը ինչ է անում: Բա դատավորը տեսնում է, որ անընդհատ մենք խափանման միջոցի տեղապտույտից հետո հիմա էլ, պարզվում է, ամեն շաբաթ մեկ նիստ ենք դրել, և էդ նիստի ընթացքում մեկը բացակայում է, մեկը բոյկոտում է, մյուսը հավես չունի գա, և էդպես հանդուրժում ենք, և էդպես պարզ չի, թե ուր ենք գնում՝ դրանով վարկաբեկելով ոչ միայն դատական համակարգը, այլ նաև պետական ինստիտուտները՝ անկախ նրանից՝ դա դատական է, թե դատական չի:

Ուզում եմ ասեմ՝ էս խնդիրը պետք է արդեն ստանա իր լուծումը, և վերջերս էլ ինձ նույնպես մեղադրում էին՝ «բա ի՞նչ եք ասում», - գրել էր հայտնի կայքերից մեկը, - «բա ինքը պաշտպանվում ա, բա դո՞ւք ինչ եք անում»: Ես էլ ասում եմ՝ մենք բոլորս պետք է մեր անելիքը անենք՝ էն, ինչ որ պահանջել ենք 2008 թվականից սկսած, հիմա պետք է պահանջենք հենց Աննա Դանիբեկյանից, նաև՝ թիկունք կանգնելով Աննա Դանիբեկյանի որոշումներին: Որովհետև Աննա Դանիբեկյանը գուցե կաշկանդված է, էդ կաշկանդվածությունը պետությունը պետք է ինչ-որ ձև մեղմի: Հիմա, միայն թիկնապահներ դնելով էդ խնդիրը չի լուծվում, էստեղ պետք է խորքային լուծումներ գտնել: Բայց, էլի եմ ասում, լուծումը այս պահի դրությամբ գտնվում է գործող դատավոր Աննա Դանիբեկյանի ձեռքին. եթե ինքը չի կարողանում այս խնդիրը լուծի, գուցե արդեն տուժողների իրավահաջորդները պետք է հարց բարձրացնեն դատավորի գործողությունները ինչ-որ ձև վերանայելու ուղղությամբ:

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ.