Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանը օրերս հայտարարեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած «սկզբունքային անհամաձայնությունների պատճառով», այլ մանրամասներ նա չի ներկայացրել:
Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» շրջանակներում «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ այս հարցին ևս.
«Ազատություն». – Ձեր գործընկեր Արսեն Ջուլֆալակյանի` մանդատի վայր դնելն ինչո՞վ է պայմանավորված: Դուք բացի այն հայտարարությունից, որը նա արեց, որևէ ենթատեքստ տեսնո՞ւմ եք այդ հրաժարականի մեջ:
Անդրանիկ Քոչարյան. – Քանի որ շատ մտերմացել էինք, որովհետև երբ որ ինքը որպես սպորտսմեն կերտում էր իր փառահեղ էջը, բոլորս հպարտացել ենք Արսենով, դրանից առաջ իր հայրիկով` օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանով, հետո աշխարհի չեմպիոն Արսեն: Այդպիսի աշխատասիրություն, գրագիտություն շատ քիչ սպորտսմեններ կան, որ կարող են հպարտանալ: Արսենը նաև թեկնածուական թեզ պաշտպանեց, տիրապետում է և լեզուների, ես համարում եմ պառլամենտի համար այդ տիրույթի որպես ներկայացուցիչ սպորտ և ինտելեկտուալ սպորտ, համարում եմ կորուստ: Ես չէի ուզի, որ Արսենի մանդատը դրվեր, բայցև ես չէի ուզենա, որպեսզի Ջուլֆալակյան Արսենը հանդես գար այդ տեքստով, որովհետև տեքստում, ըստ էության, ես հասկացա, որ պատգամավոր Ջուլֆալակյանը պրոբլեմ է ունեցել գործադիր մարմնի համապատասխան կառույցի կամ նրա ղեկավարի հետ:
Չի կարող այդպիսի բան լինել, պառլամենտարիզմի ամբողջ իմաստը նրանումն է, որ պառլամենտական վերահսկողությունը մենք պետք է դեռ դարձնենք անշրջելի, և Ջուլֆալակյան Արսենը, և մեզանից յուրաքանչյուրը մեր խմբակցության հսկայական անելիք ունի: Համոզված եմ, որ նույնիսկ մանդատը դնելուց հետո Արսենը մեր երկրի կյանքում ունենալու է շատ կարևոր դերակատարում, եթե ոչ մի տեղ չունենա, սպորտային կյանքում հաստատ, որովհետև Ջուլֆալակյանը ոչ թե պետք է տեքստով մանդատը դներ, Ջուլֆալակյանը մեկ ճանապարհ ուներ` շարունակել իր աշխատանքը եթե ոչ պառլամենտում, ապա անցներ այլ աշխատանքի մեր երկրի խնդիրների լուծմանը միտված և մեր երկրի ապագային միտված:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.