Վարչապետը Խնձորեսկում մասնակցել է Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ և Խնձորեսկ համայնքում մասնակցել Սպարապետի օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին։ Վարչապետին ուղեկցել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը :

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը նախ այցելել է Մխիթար Սպարապետի գերեզման` ծաղիկներ խոնարհել Սպարապետի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին։ Այնուհետև տեղի է ունեցել առանձին զրահատանկային գումարտակի 15 զինծառայողի զինվորական երդման արարողություն, ընթերցվել է Սպարապետի խոսքը, հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։

Վարչապետն այնուհետև այցելել է Խնձորեսկի համայնքապետարանի հարակից տարածք: Փաշինյանը և բարձրաստիճան հյուրերը ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշակողթողներին, այնուհետև ներկայացվել են ցուցադրական ելույթներ: Վարչապետը զրուցել է բնակիչների հետ, շնորհավորել նրանց Սպարապետի օրվա առթիվ:

Կառավարության ղեկավարը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է նաև Գորիս` ծանոթացել քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես, Հին Գորիսի վերականգնման ընթացքին:

Վարչապետը շրջել է նաև Հին Գորիս պատմամշակութային կենտրոնով` ծանոթացել այստեղ իրականացվող վերականգնման աշխատանքների ընթացքին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է իրականացվող ծրագրերը, որոնք նոր ազդակ կհաղորդեն Գորիսում զբոսաշրջության զարգացմանն ու քաղաքի գրավչության բարձրացմանը