Այս երեկո Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի բացօթյա համերգը, որով էլ կազդարարվի Կամերային նվագախմբի 2020-2021 թվականների համերգաշրջանի մեկնարկը:
Այսօր երեկոյան կայանալիք բացօթյա համերգային ծրագրում տեղ են գտել ուշագրավ կամերային ստեղծագործություններ: Կհնչեն Բեթհովենի, Դվորժակի և Տարտինիի ստեղծագործությունները: Նվագախմբի հետ հանդես կգա երիտասարդ, տաղանդավոր ջութակահարուհի Օվսաննա Հարությունյանը: Ուշագրավ է նաև, որ Հայաստանի պետական նվագախմբի հերթական համերգաշրջանը բացվում է առանց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի: Նա դեռ ամիսներ առաջ էր մեկնել Ֆրանսիա և համավարակի պատճառով չի կարողանում Հայաստան վերադառնալ:
Այս ժամանակահատվածում նրան փոխարինում է Հայաստանի պետական նվագախմբի կոնցերտմայստեր Աստղիկ Վարդանյանը: Նա «Ազատության» հետ զրույցի ընթացքում շեշտեց, որ նվագախումբը չափազանց անհամբեր է հանդիպելու երաժշտասեր ունկնդրի հետ, որի բացակայությունը չափազանց զգալի է եղել նվագախմբի գործունեության համար այս համավարակային վերջին վեց ամիսների ընթացքում:
«Առցանց տարբերակով որոշ ելույթներ հեռարձակեցինք, որոշ բաներ մենք պարապեցինք, նվագեցինք, նկարահանեցինք, էլի, առցանց ցուցադրեցինք: 20 հոգով չէին թողնում ելույթ ունենանք, 8 հոգանոց կազմով ենք ելույթ ունեցել, նկարահանել: Մեկ անգամ բացօթյա բուժաշխատողների համար ամբողջ կազմով եղել է համերգ Կամերայինի բալկոնի բացօթյա տարածքում, ամբողջ ազգային կենտրոնի բոլոր կազմերը ելույթ ունեցան բուժաշխատողի օրվա առիթով: Ինչ հնարավոր էր արել ենք, բայց շատ ուրախ ենք վերադառնալ նորից հանդիսատեսի հետ շփման», - ասաց Վարդանյանը: