Տիխանովսկայան չի բացառում բելառուսական ընդդիմության նոր ղեկավար մարմնի ձևավորումը

Օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան չի բացառում, որ բելառուսական ընդդիմության համակարգող խորհուրդը կարող է նոր ղեկավար մարմին՝ նախագահություն, ձևավորել։ Այս մասին Տիխանովսկայան ասել է բելառուսական Tut.by կայքին տված հարցազրույցում՝ նշելով, որ ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամներից և ոչ մեկը, չնայած ճնշումներին, այդ կառույցի կազմից դուրս գալու դիմում չի ներկայացրել։

«Այժմ մենք քննարկում ենք մեր հետագա աշխատանքների կազմակերպման հարցը», - ասել է Տիխանովսկայան։

Այս պահին ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության յոթ անդամներից միայն մեկը՝ Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիևիչն է, որ շարունակում է մնալ Բելառուսի տարածքում և ազատության մեջ։ Նախագահության մյուս վեց անդամներից չորսը կալանավորված են, ևս երկուսին վտարել են Բելառուսի տարածքից։