ԱՄՆ-ն առաջիկա օրերին պատժամիջոցներ կսահմանի Լուկաշենկոյի մերձավորների նկատմամբ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն

Միացյալ Նահանգներն առաջիկա օրերին պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մերձավորների նկատմամբ, հնարավոր են նաև այլ սահմանափակումներ, այսօր հայտարարել է փոխպետքարտուղար Ստիվեն Բիգենը։

Ամերիկացի բարձրաստիճան ներկայացուցիչը հաստատել է՝ Վաշինգտոնը չի ճանաչում օգոստոսի 9-ի ընտրությունների լեգիտիմությունը, որի արդյունքում վեցերորդ անգամ անընդմեջ հաղթող էր ճանաչվել Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ավելի վաղ Պետդեպը հայտարարել էր, որ այդ քվեարկությունն ազատ և արդար չէր, ինչպես նաև դատապարտել էր Լուկաշենկոյի վարչակազմի բռնաճնշումները ընդդիմադիր առաջնորդների և խաղաղ ցուցարարների դեմ։ «Միացյալ Նահանգները կողմ է նոր՝ այս անգամ արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը», - հայտարարել է փոխպետքարտուղարը։

Ստիվեն Բիգենը տարակուսանք է հայտնել Ռուսաստանից Լուկաշենկոյին ցուցաբերվող աջակցության վերաբերյալ․ - «Եթե Կրեմլը շարունակի այդ քաղաքականությունը, կարող է հասնել նրան, որ Բելառուսի ժողովուրդը, որը ոչ մի թշնամական վերաբերմունք չունի Ռուսաստանի նկատմամբ, սկսի հանդես գալ Մոսկվայի դեմ», - ասել է նա։ ԱՄՆ փոխպետքարտուղարը կոչ է արել Ռուսաստանի նախագահին առաջիկա երկուշաբթի Լուկաշենկոյի հետ նախատեսված հանդիպման ժամանակ հարց բարձրացնել քաղբանտարկյալների ազատ արձակման, ընդդիմադիրների դեմ բռնությունները դադարեցնելու մասին։

Թե ինչ պատժամիջոցներ է պատրաստվում Վաշինգտոնը Լուկաշենկոյի վարչակազմի դեմ, փոխպետքարտուղարը չի մանրամասնել, բայց նշել է, որ Վաշինգտոնը հիմա այդ հարցը քննարկում է եվրոպացի դաշնակիցների հետ։ Եվրամիությունը պատրաստվում է մինչև այս ամսվա վերջ պատժամիջոցներ սահմանել մոտ երեք տասնյակ բելառուս պաշտոնյաների նկատմամբ, որոնք մեղսակից են ընտրախախտումներին ու ընդդիմության դեմ բռնություններին։ Ցանկը, սակայն, դեռ չի հրապարակվել։