«Կանոններին հետևելն ու դիմակներով դաս անելը տանը նստելուց լավ է»

Առաջին կուրսի ուսանողներն արդեն սկսել են դասերը

Կորոնավիրուսի պատճառով դիմակավորված առաջին կուրսերցիների ուսումնական տարին արդեն սկսվել է: Մյուս բոլոր ուսանողները սպասում են սեպտեմբերի 15-ին: Հաջորդ երեքշաբթի կվերսկսվեն ինչպես բուհերի բարձր կուրսեցիների, այնպես էլ դպրոցականների դասերը:

Ուսումնական տարվա երկրորդ շաբաթը չլրացած Տնտեսագիտական համալսարանի մի ամբողջ առաջին կուրս ստիպված եղավ անցնել հեռավար դասերի, քանի որ ուսանողներից մեկի մոտ քովիդ էր հայտնաբերվել:

Մյուս առաջին կուրսերի ուսանողներն «Ազատության» հետ զրույցներում ասում էին, որ կանոններին հետևելն ու դիմակներով դաս անելը տանը նստելուց լավ է:

Մի ուսանողուհի կարծիքով, դիմակներն իրենց քովիդից չեն պաշտպանի, բայց ինքը կշարունակի կրել, քանի որ հասկանում է, որ մարդիկ իրենց և իրենց ընտանիքի առողջության մասին են մտածում. – «Շատ դժվար ա երեք հատ 70 րոպե սենց նստել, մանավանդ երբ որ ունես ինչ-որ առողջական խնդիր: Փորձում ենք դիմանալ»:

Բուհի Կառավարման ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանին առաջին կուրսեցիների վարքագիծը հաճելիորեն զարմացրել է: Նրա խոսքով, ուսանողները գիտակցում են կանոններին հետևելու անհրաժեշտությունը. – «Հարգանք կա դիմացինի նկատմամբ: Հասկացել են, որ դիմակներ պետք է կրել, բոլոր կանոնները պետք է պահպանել»:

Դեկանի գնահատմամբ, ուսանոցներն արդեն հարմարվել են դիմակներին: Կուրսերը բաժանված են խմբերի, ուսանողները դասերին մասնակցում են սոցիալական հեռավորությունը պահպանելով. – «Ընդամենը մի հատ դասամիջոց ենք պակասացրել` երկար դասամիջոց չկա: Ամեն առավոտյան լսարաններն ախտահանվում են, դասերից հետո նորից ախտահանվում են»:

Իսկ Երևանի պետական համալսարանի միջանցքներում լռություն, տեղ-տեղ էլ խավար էր: Երկարատև դեգերումներից հետո ԵՊՀ-ում դասի նստած կուրս գտանք միայն Ֆիզիկայի ֆակուլտետում: Այստեղ դասապրոցեսը կազմակերպվում է հիբրիդային եղանակով` որոշ դասեր անցկացվում են բուհում, որոշ դասեր` հեռավար:

Ինչպես հարևանությամբ գտնվող Տնտեսագիտականում, այստեղ էլ բոլորին ջերմաչափում էին: Այդուհանդերձ Մայր բուհում ոչ բոլորն էին հետևում դիմակ կրելու կանոնին:

Առաջին կուրսեցիներից մեկն ասաց, թե իր և իր ընկերների մտքով անգամ չէր անցնում, որ ուսանողի կարգավիճակով առաջին անգամ բուհ դիմակներով կմտնեն: Այդուհանդերձ, չեն դժգոհում, դեռ կհասցնեն վայելել ուսանողական կյանքը:

Բուհի տարածքում նաև երկրորդ կուրսի ուսանողներ կային, որոնք մարտ ամսից ի վեր համալսարանում դասի չեն նստել: Նրանք ասացին, որ կարոտել են դասերը, հեռավար պարապմունքներն իրենց սրտով չեն. - «Բոլորս էլ գիտենք, որ ծրագրերը լավ չեն աշխատում. ինտերնետային խնդիրներ են լինում, ծրագրային խնդիրներ են լինում: Բավականին բարդանում է ուսման պրոցեսը: Ավելի շատ թևաթափ ենք լինում, քան ոգևորվում ենք»: