«Թիկունքը՝ մշակույթ, անսահման ջազ սահմանում». այս խորագրի ներքո կիրակի օրը՝ սեպտեմբերի 13-ին Տավուշում, Բերդ քաղաքում կմեկնարկի Jazz Fest -2020 բացօթյա փառատոնը, որի կազմակերպիչներն այսօր հրավիրած ասուլիսին հավաստիացնում էին, որ դա մի վիթխարի ջազային հրավառություն է լինելու սահմանամերձ այս շրջանի բնակիչների համար:
Փառատոնն անցկացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Մշակույթի գծով փոխնախարար Արա Խզմալյանի խոսքով, դեռ անցյալ ամիս մեկնարկած «Թիկունքը՝ մշակույթ» նախարարության ծրագիրը շարունակական է լինելու և ոչ միայն Տավուշի մարզում. – «Բացի բարոյահոգեբանական և ստեղծագործական նշանակությունը, այս նախաձեռնությունը սահմանամերձ համայնքների վրա ունենում է նաև իր տնտեսական ներգործությունը. մշակույթը ուղղակիորեն նպաստում է տեղական տնտեսության զարգացմանը, ինչու չէ` նաև ենթակառուցվածքների զարգացմանը: Եվ պարզվեց, որ մշակույթի ապակենտրոնացում կոչվածը միանգամայն իրագործելի, կարճ ժամանակում շոշափելի արդյունքներ տվող մի նախաձեռնություն է և միջոց»:
Փառատոնի հիմնադիր նախագահ Կամո Մովսեսյանն ասաց. – «Այս տարի մենք ֆորմատը մի փոքր փոխել ենք և ուղղել ենք մեր ներքին, այսպես ասած մշակութային-ջազային ուժը լիարժեք ներկայացնելու մեր հանդիսատեսին: Որոշեցինք, որ այս տարի նույնպես Երևան Ջազ ֆեստի բացումը պետք է այլ վայրում լինի և, հետևելով նախարարության հորդորին, մենք նույնպես որոշեցինք, որ այս տարի պետք է լինի Տավուշի մարզում, Բերդ քաղաքում: Մինչև այս փառատոնի սկիզբը ես երբևիցե չէի եղել Բերդ քաղաքում, առիթ եղավ, այցելեցի Բերդ քաղաք, հասկացա, որ շատ մեծ բան եմ կորցրել: Եվ այսուհետ մենք` Ջազի հայկական ասոցիացիան, հետևողական կլինենք և մեր մյուս միջոցառումները կազմակերպելիս հաշվի կառնենք ոչ միայն Տավուշի մարզը, այլ մյուս քաղաքները, որոնք գտնվում են սահմանամերձ գոտում: Այս տարի մենք ջազ փառատոնը վեցերորդ անգամ ենք կազմակերպում: Մասնակցելու են գրեթե բոլոր երաժիշտները, որոնք ներկայացված են ջազային արվեստում, բոլորը ներկայանալու են իրենց ստեղծագործություններով, իրենց խմբերով: Դրանք շուրջ 10 խումբ են լինելու, մասնակիցները շուրջ 50 երաժիշտ է լինելու: Հիանալի հրավառություն է լինելու ջազային, այնպես ենք արել, որ երաժշտությունը լսվի ոչ միայն սահմանի այս կողմում, այլև սահմանի այն կողմում էլ է լսվելու: Մենք ցույց ենք տալու դրանով, որ Հայաստանը և Արցախը մշակույթով միշտ եղել է առաջնային տարածաշրջանում, ու միշտ կմնա»:
Բերդ քաղաքի դենդրոպարկում կայանալիք բացօթյա այս ջազային փառատոնին մասնակցելու են մեր լավագույն ջազմեններն ու ջազային խմբերը, հավաստիացնում է ամենասիրված ջազմեններից Վահագն Հայարապետյանը՝ փառատոնի հիմնադիրներից մեկը. – «Ամեն ինչը արվում ա շատ պոզիտիվ տրամադրությամբ, շատ ոգեշնչված, նվիրված: Շատ կարևոր է այն, որ լիքը երիտասարդ երաժիշտներ են մասնակցելու, նաև կոլեկտիվներ, որոնք երևի իրենց դեբյուտն են անում էս հարթակում: Նաև մի շատ հետաքրքիր բան է տեղի ունենալու. էս անգամ պաշտոնական... աթոռներ, համերգ, էդ վիճակը չի լինելու: Լինելու է խոտածածկ տարածք, հետներդ ծածկոցներ, որ կարողանաք խոտի վրա հանգիստ նստել, վայելել, քայլել, սննդի տարբեր կետեր են լինելու: Մի խոսքով` լինելու է շատ հետաքրքիր միջավայր, լինելու է ջազային շատ լավ միջավայր ու հնարավոր ա վերջում մի հատ ջեմսեյշն անենք բոլորս միասին` հանդիսատեսն էլ մեջը»: