Վարչապետ․ Կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի վտանգն իրական է

Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի վտանգն իրական է, և այս խմորը դեռ շատ ջուր է տանելու:

Կառավարության այսօրվա նիստում ներկայացնելով կորոնավիրուսի նոր դեպքերի դրական դինամիկան` վարչապետը ընդգծեց, որ ուսումնական հաստատություններում մեկնարկող դասապրոցեսը մեծացնում է վարակի տարածման ռիսկը:

Հենց այդ պատճառով էլ, նրա խոսքով, չափազանց կարևոր է պարետի սահմանած կանոնների հստակ պահպանումը, օրինակ, երեխաները դպրոցներում պետք է պարտադիր դիմակ կրեն. – «Այն որոշումները, որոնք կայացվում են, վերաբերում են ոչ միայն ուրիշների, այլև մեր երեխաներին նույնպես՝ մեր երեխաները ո՛չ դպրոցներում, ո՛չ մանկապարտեզներում, ո՛չ էլ որևէ այլ տեղ արտոնյալ չեն: Մեր նպատակն է՝ կամաց-կամաց դուրս գալ այս սահմանափակումների ռեժիմից: Մենք մոնիթորինգ կիրականացնենք և համապատասխան անհրաժեշտ որոշումներ կկայացնենք, որպեսզի մեր երեխաները հնարավորինս օր առաջ լիաթոք շնչեն»:

Հայաստանում դպրոցներն ու բուհերը կբացվեն սեպտեմբերի 15-ին: Փաշինյանը ԿԳՄՍ նախարարին հորդորեց ուսումնական հաստատություններում կանոնների պահպանմանը շատ խիստ վերաբերվել` ընդհուպ մինչև վարչական խիստ միջոցների կիրառումը:

Իշխանության մոտեցումն այսպիսին է` եթե դպրոցները բացվում են, ապա էլ չեն փակվում. – «Ասում ա, էկեք բացենք, ոչինչ, քսան օրից նորից փակենք... Այսինքն էքսպերիմենտներ հո չե՞նք անելու: Մենք դպրոցները պետք ա բացենք էնպես, որ փակելը կրկին բացառվի»:

Վերջին երկու շաբաթներին օրական կտրվածքով երկրում արձանագրվում է կորոնավիրուսի մինչև երկու հարյուր դեպք: Նվազել է նաև ակտիվ դեպքերի թիվը` այսօրվա դրությամբ դրանք 2908-ն են:

Վարչապետը այսօրվա նիստին նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքներին անդրադարձավ և բոլոր խնդիրների մասին խոսելուց հետո հայտարարեց`կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում սոցիալական ճգնաժամ չկա: