Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Իր ֆեյսբուքյան էջի գրառման համաձայն, պատճառը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններն են։
«Պատիվ է, որ հնարավորություն ստացա ծառայել հայրենիքիս նաև օրենսդիրի կարգավիճակում և կցանկանայի, որ իմ՝ մանդատից հրաժարվելու այս քայլը ևս դիտվի որպես այդ ծառայության մի մաս, որպես հերթական կարևոր, մտահոգիչ ազդակ առ այն, որ զարգացումները Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի ոլորտներում մեծամասամբ սխալ ուղղությամբ են ընթանում, հաշվի չեն առնվում ոլորտների ներկայացուցիչների մասնագիտական կարծիքները, բացակայում են ոլորտների զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ տեսլականները», - նշել է Ջուլֆալակյանը:
Ըստ ըմբշամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոնի, հետհեղափոխական Հայաստանում ամենից շատ հենց այս գերատեսչության ձախողումների մասին է խոսվել, սակայն Ջուլֆալակյանը հավելում է, որ չի ցանկանում այլևս մանրամասնել, չի պատասխանում նաև լրագրողների զանգերին, իսկ աշխատասենյակի դուռն այսօր կողպված էր։
Ազգային ժողովում ասում են՝ իրենց զանգերին ևս Արսեն Ջուլֆալայանը չի պատասխանում:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից շատերն այսօր նշեցին, որ իրենց գործընկերոջ հայտարարությունն անակնկալ է եղել։ Պատգամավոր Հրաչյա Հակոբյանը տեղյակ չի եղել նաև, որ Ջուլֆալակյանը լուրջ անհամաձայնություններ ունի կառավարության հետ և որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտի կառավարումը համարում է ամենաձախողվածը։
«Թերևս ես ինքս էլ չեմ հիշում, որ հանրային այդպիսի դժգոհություն կամ դեբատ թեկուզ տեղի ունեցած լինի թե՛ Ազգային ժողովի ամբիոնից, թե՛ ինչ-որ այլ տեղից», - նշեց Հակոբյանը:
Parliament monitoring կայքի տվյալներով՝ 4 նստաշրջանի ընթացքում Ջուլֆալակյանը հարց է ուղղել ընդամենը 7 անգամ, ևս 7 անգամ ելույթ ունեցել, սակայն Google որոնումը այդպես էլ չհայտանբերեց որևէ քննադատական ելույթ պատգամավորի կողմից։ Փորձեցինք պարզել արդյոք խնդիրների մասին նա բարձրաձայնել է հանձնաժողովի նիստերին։ Մեկնաբանությունից հրաժարվեցին և՛ Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, և՛ նրա տեղակալը։
Ազգային ժողովը լքող պատգամավորի հայտարարության մասին մեկնաբանությունից հրաժարվեց նաև կրթության նախարարը, ինչպես նաև «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Եթե որևէ պատգամավոր տարաձայնություն ունի որևէ նախարարի հետ, շատ կարևոր է, որ հանրայի՛ն դեբատներ և բովանդակային քննարկումներ տեղի ունենան նրանց միջև, ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը։
«Կարևոր է, որ այդ տարակարծություններն արտահայտվեն հրապարակային կերպով, արտահայտվեն նիստերի դահլիճում, արտահայտվեն հանձնաժողովների նիստերի դահլիճում, որովհետև դա է ենթադրում առհասարակ պառլամենտարիզմը, պառլամենտարիզմի պրինցիպները: Եթե տարաձայնությունները պիտի անեն փակ դռների ետևում, պիտի դեբատները անեն փակ դռների ետևում, էլ ինչի՞ ենք մենք հետևում Ազգային ժողովի նիստերին, հանձնաժողովների նիստերին, կառավարության նիստերին, եթե իրական բովանդակային դեբատները փակ դռների հետևում են», - նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգողը:
Իոաննիսյանն ասում է՝ հանրությանը միայն շշուկներ են հասնում այն մասին, թե որևէ պատգամավոր անհամաձայնություն ունի կառավարության քաղաքականության հետ, առաջիններից մեկը Ջուլֆալակյանն է, նա էլ այդ մասին խոսեց մանդատը վայր դնելուց հետո։
«Ես չեմ հիշում մի դեպք, որ իմքայլական պատգամավորը հրապարակային քննադատի նախարարին, սա Սահմանադրությունն է նաև Հայաստանի ենթադրում: Միակ պրինցիպը, որին դա հակասում է, կուսակցական ինչ-որ դիսցիպլինայի պրինցիպն է», - նշեց Իոաննիսյանը:
«Իմ քայլից» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հակադարձում է՝ չի կարելի ասել, թե չեն համարձակվում քննադատել կառավարությանը, նախարարների հետ փակ հանդիպումներ են ունենում, որոնք հաճախ բուռն են անցնում։
«Այդտեղ որևէ քննադատական տարր չեմ տեսնում, որ պետք է քննադատել, որ, օրինակ, մեր ֆրակցիայի փակ նիստերը թեժ են անցնում: Հենց դա էլ պառլամենտարիզմն է, հենց դա էլ ժողովրդավարություն է, որ նախևառաջ մեր ֆրակցիայի ներսում կա ժողովրդավարություն, բոլորն ունեն ձայնի իրավունք, բոլորն ունեն իրենց կարծիքը հայտնելու իրավունք: Թե ինչո՞ւ դա հրապարակային չի արվում, ներողություն, կան հարցեր, որ պետք է փակ դռների ետևում քննարկվի», - ասաց իմքայլական պատգամավորը:
Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն, հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով կարող է հետ վերցնել հրաժարականի մասին իր դիմումը, եթե չի վերցնում, ապա նրա լիազորությունները դադարեցվում են: