Լիբանանահայ Թոնի Հաժժարի երեք հոգանոց ընտանիքն առաջինն է, որ Բեյրութի ավերիչ պայթյունից հետո հաստատվել է Շուշիում։ Թոնին խոհարար է, Շուշիում, ինչպես ինքն է ասում, մի «պրոժե»՝ նախագիծ կա կենտրոն հիմնելու, ուր նա զբաղվելու է խոհանոցով։
«Անունս Թոնի Հաժժար Արամի է, ես եկել եմ Բեյրութից: Մեզ համար Արցախը Հայաստան է: Շատ լավ քաղաք է, չէինք սպասում, որ այսպես հանգիստ կլինի, օդը` շատ մաքուր: Մենք Լիբանանում այսպիսի բան չենք տեսել, Լիբանանում մարզպետի հետ չես կարող խոսել: Բավարար է, որ մեզ համար տուն է տրամադրել, և բավարար է, որ մեզ համար աշխատում է, որ մենք աշխատենք», - ասում է նա:
Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Էրիկ Հարությունյանը ընդգծում է՝ Արցախի կառավարությունը Թոնի Հաժժարի ընտանիքին տրամադրել է ժամանակավոր բնակարան, հոգում է կոմունալ ծախսերը, իսկ առաջիկա օրերին կառավարությունը գնելու է և Հաժժարների ընտանքին օգտագործման իրավունքով Շուշիում տուն է տրամադրելու, որը կդառնա նրանց սեփականությունը տասը տարի բնակվելուց հետո միայն. - «Թոնին, օրինակ, խոհարար է, ու մեզ մոտ Շուշին հիմնականում այն հյուրընկալ քաղաքն է, որ, կարծում եմ, խոհարարների մասով միշտ աշխատանք գտնվելու է Շուշիում»:
«Այստեղ մի պրոժե կա, աշխատում են, ես այնտեղ պիտի ճաշով զբաղվեմ, այնտեղի մենյուն պիտի սարքեմ` մի քիչ արևմտյան, մի քիչ լիբանանյան և մի քիչ հայկական: Նպատակ ունեմ իմ ռեստորանն ունենալ, իմ անձնականն ունենալ», - նշում է Թոնի Հաժժարը:
Սոցիալական ծառայության Շուշիի տարածքային գործակալության պետ Մանանա Գոգմաչաձեն ամեն օր այցելում է ընտանիքին՝ համոզվելու, թե լուծված են արդյոք ներգաղթյալների առօրյա սոցիալական խնդիրները, ինչպես են իրենց զգում փոքրիկ Նարեկն ու Ցոլեն՝ Թոնիի որդին ու տիկինը. - «Մենք շատ ուրախ ենք, իրենց գրկաբաց ընդունում ենք: Կառավարությունը բնակարան է հատկացրել վարձակալական հիմունքներով, մի 5 օր է, ինչ եկել են: Մի որոշ ժամանակ հետո տան հարցը կլուծվի»:
Ցոլեն լիբանանյան սուրճ է պատրաստում. - «Թանձր ավելի համով է, քան: Ջուրը երբ որ կեռա, կվերցնեմ կրակի վրայից, որպեսզի չթափվի, հետո մի քիչ խառնում եմ, ոչ շատ, որ փրփուրը չգնա»:
Արցախի իշխանություններն ասում են, թե պատրաստ են ընդունել լիբանանահայերին։ Ճիշտ է` առայժմ խոսքը համեստ թվերի մասին է՝ մի քանի տասնյակ։ «Դե քանիսը գան, պատրաստ ենք ընդունել, ճիշտն ասած, պատրաստ ենք Արցախում տեղավորել, բնակչություն հաստատվի», - նշում է Մանանա Գոգմաչաձեն:
«Ասացին` արդեն ինձ համար մանկապարտեզում գործ կա, ես և Նարեկը միասին կլինենք մանկապարտեզում», - պատմում է Ցոլեն, ամուսինը` Թոնին հավելում է. - «Մոտավորապես մի 10 ընտանիք է արդեն փորձում հասնել համարներին կամ direct (ուղիղ) պատասխանատուներին, որ փոխադրվեն»:
Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Էրիկ Հարությունյանի խոսքով. - «40-50 ընտանիքի համար Շուշիում կարող ենք տեղավորենք մեր հայրենակիցներին: 2 բժիշկ եկել են լիբանանահայ` Համբարձում Սանջոյանը և Աբրահամ Կոստանյանը, և իրենք նախնական պայմանավորվածությամբ իրենց ընտանիքներով սեպտեմբերի վերջին, հոկտեմբերի սկզբին կտեղափոխվեն մեզ մոտ»:
Թոնին ասում է. - «Գիտեմ, որ հայերը շատ են սիրում լահմաջո, այսօր երբ որ դնում ենք էս օջախի վրա, տակից կրակը, որ գա, էս կտաքանա, խմորը մեջը պիտի եփի տակից, վրայի տաքությունը, վրայի միսը պիտի հալեցնի, տաքացնի ու եփի»: