DJ Վակցինան արդեն մի քանի օր որևէ լուր չունի իր մանկահասակ երեխայից

Արուսյակ Վարդանյան («DJ Վակցինա»)

«DJ Վակցինա» կեղծանվամբ հայտնի Արուսյակ Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է՝ արդեն չորս օր է հոր մոտ գտնվող իր անչափահաս երեխայից լուր չունի։

Արուսյակի պնդմամբ, հոր հետ վերջին հանդիպումից հետո երեխան հիվանդ է վերադարձել և դեռ ամբողջովին չապաքինված՝ հայրը կրկին տեսակցելու նպատակով տարել է նրան։ Դրան հաջորդել է հոր զանգը, թե երեխայի ինքնազգացողությունը լավ չէ: Այս խոսակցությունը, ըստ Արուսիկ Մկրտչյանի, կիսատ է մնացել, քանի որ երեխայի հայրն անջատել է հեռախոսն ու առ այսօր նրա հետ կապ հաստատել չի հաջողվել:

Մկրտչյանն «Ազատությանը» պատմեց, որ երկու անգամ ոստիկանություն է դիմել, այսօր նաև իրենց վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմին է ահազանգել` մտահոգություն հայտնելով, որ երեխայի առողջությանը վտանգ է սպառում։

Մինչ Արուսյակը արդեն մի քանի օր ահազանգում է, որ լուր չունի որդուց, երեխայի հայրը՝ Ռուբեն Խաչատրյանը, միայն այսօր է իր ֆեյսբուքյան էջում գրառմամբ հայտնել, թե երեխան լիարժեք առողջ է, գտնվում է իր հոգածության ներքո։

«5-ամյա որդուս հետ խաղալիս որպես կանոն չեմ հետևում սոցցանցերում տարածվող լուրերին, ստահոդ ու դատարկաբնույթ երևույթները իմ հետաքրքրության շրջանակից դուրս են», - գրել է Խաչատրյանն ու հավելել՝ եթե շրջանառվող լուրերը իրականության հետ աղերս ունենային, ապա հարցն իրավական հարթակ տեղափոխված կլիներ։

Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմինն այսօր է ստացել Արուսիկ Մկրտչյանի դիմումը։ Վարչական շրջանի իրավաբանական բաժնի պետ Արամ Մարտիրոսյանն «Ազատությանն» ասաց, որ դատարանում դեռ քննվում է երեխայի բնակության վայրի սահմանման հարցը: Այս գործի շրջանակներում, երեխայի մոր տնային պայմանների ուսումնասիրությունն իրենք կատարել են, բայց հոր տուն մտնելու իրենց օրինական այցերը մի քանի անգամ ապարդյուն են եղել՝ այսօր նույնպես դա նրանց չի հաջողվել. – «Դուռը փակ է եղել: Ոստիկանի և աշխատակցի հորդորը դուռը բացելու որևէ արձագանք չի ստացել... Խոչընդոտելու կամ առնվազն չհամագործակցելու մասով մեր մտահոգությունը կայանում է նրանում, որ էսպիսի այցելություններ էս դատական գործի շրջանակներում մի քանի անգամ ա եղել: Նաև հեռախոսազանգերի միջոցով ենք փորձել կապվել, սակայն այդ հեռախոսազանգերը անպատասխան են մնացել»:

Խնամակալության և հոգաբարձության մարմնի լիազորությունները խորհրդատվական կարծիք հայտնելն է դատարանին: Մարտիրոսյանն ասաց, որ իրենք կամփոփեն իրավիճակն ու իրենց կարծիքը կներկայացնեն դատարան:

Ռուբեն Խաչատրյանը նաև մեր զանգերին չպատասխանեց. իր ֆեյսբուքյան էջում էլ գրել էր, թե ավելին մանրամասնել հարկ չի համարում, հարցազրույցներ տալ՝ նույնպես:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սեփական նախաձեռնությամբ այսօրվանից կզբաղվի այս դեպքով։ ՄԻՊ-ի աշխատակազմի, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ Մարինե Ավագյանն «Ազատությանը» փոխանցեց, որ այսպիսի դեպքերը, երբ ծնողներից մեկը երեխայի հետ տեսակցելու խնդիրներ է ունենում, լայն տարածում ունեն: Եթե դեռ դատարանի որոշում չկա, խնամակալության և հոգաբարձության մարմինն է միայն իրավասու զբաղվել խնդրով։ Ավագյանի պնդմամբ, այս դեպքում երկու ծնողն էլ հավասար իրավունքներ ունեն:

Ըստ Ավագյանի, ՄԻՊ վերլուծություները ցույց են տվել, որ առհասարակ օրենսդրական բաց կա, երեխայի լավագույն շահը գնահատելու բավարար գործիքակազմ ու պատշաճ վերապատրաստում անցնող մասնագետների կարիք կա։

Նրա խոսքով, խնդիրը գրեթե նույնն է անգամ դատական ակտից հետո, այստեղ էլ ԴԱՀԿ-ի հետ նույն սցենարը կրկնվում։

Մարինե Ավագյան. – «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից երբ որ արդեն կայացվում է համապատասխան եզրակացությունը երեխայի բնակության վայրը որոշելու, երեխայի հետ մյուս ծնողի տեսակցության կարգը որոշելու մասով, նաև խնդրահարույն է այն, որ փաստացի իրավական առումով հնարավորություն չկա հարկադրանքի ուժով պարտադրել այս որոշումները կայացմանը: Եվ ստացվում է այնպիսի իրավիճակ, որ ծնողը ստիպված է լինում արդեն այս եղանակով չկարողանալով ապահովել իր երեխայի հետ շփումը տեսակցությունների կայացումը, դիմել դատարան: Այս բոլոր գործընթացները բավականին երկար են տևում, և ստացվում է այնպես, որ ծնողը երկար ժամանակով զրկվում է իր երեխայի հետ շփվելու, նրա խնամքն իրականացնելու հնարավորությունից»:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցը ծնողներին հորդորում է ցանկացած դեպքում հիշել երեխայի լավագույն շահի մասին, ձեռնպահ մնալ անչափահաս երեխայի լուսանկարները տարածելուց, առողջական խնդիրների մասին մանրամասն տեղեկություններ հրապարակելուց և այլն։

Մարինե Ավագյանը թեև ըմբռնումով է մոտենում, որ երբեմն ծնողներին այլ ելք չի մնում, քան հրապարակավ հայտարարություններ անելը, հատկապես, երբ մտահոգությունները հենց երեխայի առողջական խնդիրներով են պայմանավորված։