Ըստ դատախազության՝ առողջապահության նախկին փոխնախարարը յուրացրել է ավելի քան 80 միլիոն դրամ

Առաջին ատյանի դատարանը մերժեց, ապա վերաքննիչ դատարանը կալանավորեց առողջապահության նախկին փոխնախարար, 2011-2016 թվականներին պաշտոնավարած Վահան Պողոսյանին: Նրան մեղադրում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, ինչպես նաև, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խոշոր յուրացումներ կատարելու հոդվածներով։

«Հիմնականում օգտագործելով իր պաշտոնական դիրքը՝ իր համակարգման ոլորտում իրականացվող ծրագրերից որոշակի գումարներ են հափշտակվել, հափշտակությանը օժանդակել և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստացել», - ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Այս քրեական գործով մեղադրանք է առաջադրված 12 անձանց, կալանավորված է, սակայն, միայն նախկին փոխնախարարը։ Գլխավոր դատախազի խորհրդականի փոխանցմամբ՝ Վահան Պողոսյանի կալանավորումն իրենց տեսանկյունից հիմնավոր էր, քանի որ մեծ ռիսկ կար, թե նա կարող էր ազդել քննության ընթացքի վրա։

«Մեծ է հավանականությունը, որ այդ ազդեցությունը կիրառելով ևս հնարավոր է, որ խոչընդոտեր գործի բնականոն քննության ապահովման համար՝ հաշվի առնելով նրա ազդեցությունը այն անձանց նկատմամբ, որոնք դերակատարություն են ունեցել իրեն վերաբերող առերևույթ հանցավոր արարքների կատարման ընթացքում», - նշեց Աբրահամյանը:

Ըստ մեղադրանքի՝ առողջապահության նախկին փոխնախարարը թույլ է տվել կազմակերպել և ղեկավարել է USAID-ի և ՁԻԱՀ-ի ու տուբերկուլոզի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի՝ տուբերկուլոզի դեմ պայքարին ուղղված գումարների (ավելի քան 78 միլիոն դրամի) յուրացում, որի մեծ մասը բաժին է հասել նախկին փոխնախարարին, մնացած 20 միլիոնը Տուբերկուլոզի դեմ պայքարի կենտրոնի տնօրենին։

Ըստ Քննչականի՝ նախկին փոխնախարարը նույն կենտրոնի տնօրենից նաև կաշառք է ստացել՝ 17 միլիոն դրամանոց մեքենա և ամիսը 100 լիտրի էլ բենզինի կտրոն:

«Բոլոր առաջադրված մեղադրանքներով դատարանը առկա է համարել հիմնավոր կասկածը, ինչպես նաև հիմքերը, որոնք ներկայացրել էինք կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ», - ասաց Գոռ Աբրահամյանը:

Նախկին փոխնախարարի փաստաբան Ռոման Ահարոնյանն ասաց՝ այս պահին հարուցված քրգործի վերաբերյալ մեկնաբանություն չունեն, հայտարարությամբ հանդես կգան՝ երբ հարկ կհամարեն։

Մինչ այդ պատգամավոր, առողջապահության հանձնաժողովի անդամ Հերիքնազ Տիգրանյանն ասում է՝ նման գործերի բացահայտումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանում տարիներ շարունակ միայն խոսում էին կոռուպցիայի, ատկատների դեմ պայքարի մասին առանց անգամ փորձելու վերացնել արմատացած համակարգային կոռուպցիան։

«Չեմ ուզում որևէ գնահատական տալ կամ կանխակալ կարծիք հայտնել, որովհետև գործը նախաքննության փուլում է և չստացվի, որ անմեղության կանխավարկած եմ խախտում իմ խոսքում, բայց այդ ամենը խոսում է նաև նախկինում եղած համակարգային կոռուպցիայի առկայության մասին և բողոքել, որ այսօր մենք ունենք, ասենք, վատ առողջապահական համակարգ կամ վատ ջրամատակարարման, չգիտեմ, այլ համակարգեր, պիտի նայել, թե ինչո՞ւ այդ համակարգերը չեն զարգացել՝ չեն զարգացել, որովհետև երկիրը չի ունեցե՞լ հնարավորություններ, թե՞ ուղղակի հնարավորությունները վատնվել են բոլորովին այլ ուղղությամբ», - նշեց Տիգրանյանը:

Առողջապահության հանձնաժողովի անդամի խոսքով՝ կորոնավիրուսի պատճառով տարբեր մարզային հիվանդանոցներ այցելած շատ քաղաքացիներ ցնցվում էին՝ տեսնելով այդ հիվանդանոցների վիճակը. - «Խղճուկ վիճակներին բախվելը նրանց մոտ շոկ էր առաջացրել, մինչդեռ դրանք տարիներ շարունակ այդ ոլորտն անտերության մատնելու և ոլորտում որևէ ներդրում չանելու հետևանք էին»:

Արդյոք հիմա կուռոպցիան վերացվե՞լ է առողջապահական համակարգում, հետաքրքրվեցինք պատգամավորից։ «Այն, որ երկրում համակարգային կոռուպցիա որպես այդպիսին չկա, դա միանշանակ է և որևէ մեկը չի կարող ասել, որ իշխանության բարձրաստիճան պաշտոնատար անձինք հովանավորում են կամ նրանց թողտվությամբ ու գիտությամբ են որոշակի կոռուպցիոն դրսևորումներ լինում: Ասել, որ կոռուպցիա ընդհանրապես չկա կամ կոռուպցիոն դրսևորումները վերացել են, դա, իհարկե, պարզունակ միտք պիտի լինի, որ հնչեցնեմ, բայց կարևորը, թե իշխանությունը ինչպիսի քաղաքական կամք է դրսևորում կոռուպցիայի դեմ պայքարում», - պատասխանեց Հերիքնազ Տիգրանյանը: