Եկել ենք ասելու շնորհակալություն մեր բանակի թիկունքն ամուր պահելու համար. վարչապետը՝ Բերդի բնակիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Բերդում ներկա է գտնվել «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացմանը, որում ելույթ է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որով ամփոփել է նաև Տավուշի սահմանամերձ համայնքներ կատարած այցը։

Իր խոսում կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ օգոստոսի 28-ին Սարդարապատում կառավարությունը գնահատանքի և հարգանքի տուրք է մատուցել մեր զինվորականներին հուլիսյան հաղթական մարտերի առիթով և հավելել, որ այսօրվա այցը, որն ամփոփվում է այսպիսի աննախադեպ համերգով, նույնպես այդ խորհուրդն ունի։

«Եվ այսօրվա այս բոլոր միջոցառումները նպատակ ունեն նույնպիսի գնահատանքի և հարգանքի տուրք մատուցել Տավուշի տարածաշրջանի, խոշորացված Բերդ համայնքի մեր հերոսական ժողովրդին, որովհետև հուլիսյան հաղթական մարտերը, իհարկե, կերտել են մեր զինվորականները, մեր բանակը, բայց նրանց համար ամուր և հաղթական թիկունք են հանդիսացել Բերդի մեր հերոսական ժողովուրդը, Տավուշի մեր հերոսական ժողովուրդը: Եվ մենք այսօր կարող ենք անել արձանագրումներ մի քանի առիթներով՝ օգտագործելով աննախադեպ բառը, ցույց տալու համար, որ ընդհանրապես հաղթանակներն ամենատարբեր մասշտաբների, դրանք օդից չեն ընկնում, դրանք ինչ-որ մի հավաքականության, ինչ-որ մի հետևողականության արդյունք են», - ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ այսօր եղել է Չինարի սահմանապահ համայնքում, որտեղ Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր ոչ մի բնակելի տուն չի կառուցվել: «Այսօր Չինարիում զրոյից կառուցվում է բնակելի տուն կառավարության նախաձեռնությամբ և այն մինչև տարեվերջ կհանձնվի բազմազավակ, բազմանդամ տաս հոգանոց ընտանիքի՝ ընդ որում մինչև վերջ կահավորված:

Մովսես գյուղն իր գոյության 300 տարվա ընթացքում երբեք ասֆալտապատ ճանապարհ չի ունեցել: Այսօր Մովսես գյուղն ունի ժամանակակից պահանջներին համապատասխանող ճանապարհ:

Ներքին Կարմիրաղբյուր գյուղն անկախությունից ի վեր երբեք ասֆալտապատ ճանապարհ չի ունեցել: Այսօր Ներքին Կարմիրաղբյուր գյուղը համայնքին հանրապետական նշանակության ճանապարհին կապում է նորակառույց ժամանակակից պահանջներին համապատասխանող ճանապարհով: Եվ մինչև տարեվերջ, հույս ունենանք, Ներքին Կարմիրաղբյուրը կունենա ժամանակակից զբոսայգի, որը մենք անվանում ենք «մայրիկների և զավակների» զբոսայգի, որը կփոխի Ներքին Կարմիաղբյուրի մթնոլորտը:

Այգեպար համայնքը երբեք ասֆալտապատ փողոցներ չի ունեցել: Այսօր Այգեպարի բոլոր փողոցներն ասֆալտապատվում են, հրետակոծությունից տուժած տանիքները փոխվում են, և դրանով փոխվում է բնակավայրի գույնը:

Ես այսօր մտածում էի Այգեպարի նորացված տանիքների մասին և ինձ համար ամենակարևոր պատկերը հետևյալն էր՝ իսկ ի՞նչ է տեսնում մեր զինվորը դիրքերից հետ նայելով: Տանիքներն ավելի կարևոր են դիրքերում կանգնած մեր զինվորների համար, երբ նրանք հետ նայեն, տեսնեն իրենց թիկունքում ապրող, զարգացող և ապագային լավատեսորեն նայող բնակավայր, տեսնեն ապագայի նկատմամբ վճռականություն ունեցող թիկունք, և տեսնեն, այո՛, նաև մշակույթով ապրող թիկունք: Այսօրվա այս համերգը խորագրված է «Մշակույթը՝ թիկունք», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով, այսօրվա շրջայցն ընդհանրապես պատկերում է համայնքներում, նաև գյուղական բնակավայրերում մարդկանց նոր ապրելակերպի, նոր կենսակերպի մասին կառավարության տեսլականը: «Այս համերգով մենք ձևակերպում ենք մեր երկրի, մեր հայրենիքի, մեր մարզի, մեր համայնքի՝ սահամանապահ համայնքի, ապրելակերպի ռազմավարական տեսլականը: Բերդ խոշորացված համայնքի սիրելի հայրենակիցներ,

Այսօր եկել ենք ձեզ ասելու շնորհակալություն, ձեզ ասելու շնորհակալություն, որ դուք այսպես ամուր պահում եք մեր բանակի թիկունքը և մեր երկրի սահմանը, առաջին հերթին, հոգեբանորեն։

2015 թվականի ես որպես պատգամավոր կրկին սահմանային իրավիճակի սրացման ժամանակ այցելել էի Այգեպար համայնք և տներից մեկում ես այպիսի նախադասություն ինձ թույլ տվեցի: Ես հիշում եմ նույնիսկ տան տիրոջ անունը՝ գյուղում իրեն Գովեն ամի էին ասում: Ասացի, սա փաստորեն Հայաստանի վերջին տունն է: Երբ ինձ թույլ տվեցի ասել, որ փաստորեն սա Հայաստանի վերջին տունն է, այդ մարդը 75-80 տարեկան, գուցե ավելի, ինձ ուղղեց, ասաց, ո՛չ, սա Հայաստանի առաջին տունն է: Եվ մենք եկել ենք այսօր ասելու, որ Այգեպար գյուղի այդ բնակչի նախադասությունն այսօր դարձել է պետական քաղաքականություն: Եվ այդ քաղաքականությունն իրականացվելու է հետևողականորեն:

Եվ ուրեմն շնորհակալ եմ ձեզ, սիրում եմ բոլորիդ, խոնրահվում են բոլորիդ առաջ և հպարտանում եմ բոլորովդ:

Կեցցե՛ Տավուշի հերոսական ժողովուրդը», - նշել է վարչապետը։