Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները, տուժողները դադարեցնում են մասնակցությունը շուրջ երկու տարի ձգձգվող դատավարությանը։ Մեկամսյա հերթական դադարից հետո վաղը նորից նիստ է նշանակված:
9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի խոսքով, ամեն երեքշաբթի հանրությունը ֆարսի է ականատես լինում. - «Այսօրվա դատական իշխանությունը, որ այն նույն դատական իշխանությունն է, մոտավորապես նույն բաղադրությամբ, որով որ վերջին տասը-քսան տարիներին, առնվազն դրա բարձրագույն սեգմենտում դատավորներով, մասնակցել է մարդկանց իրավունքների ամենազանգվածային խախտումներին, և ըստ էության, նաև իր մասնակցությամբ ու գործունեությամբ պատճառ հանդիսացել 2018 թվականի հեղափոխության, մարդկանց մինչ այդ արտագաղթի, ճակատագրերի խեղման և դատապարտման: Կա՞ ինչ-որ մեկը, որ նման հավատ ունի էդ դատական իշխանության նկատմամբ»:
Բուն գործի քննությունն այդպես էլ չի մեկնարկում անընդհատ ներկայացվող միջնորդությունների պատճառով՝ ինքնաբացարկներ, խափանման միջոցի փոփոխություն և այլն. – «Չեմ էլ ցանկանում քննարկել ո'չ Քոչարյանի, ո'չ նրա պաշտպանների, ո'չ մյուսների հարցերը: Էս հարցերը կապ չունեն, ոչ էլ Դանիբեկյանի հարցը: Աննա Դանիբեկյանը կամ որևէ այլ դատավոր գործում է դատական էս համակարգի շրջանակներում: Այն պայմաններում, երբ մենք հիմնական դահիճներին հեղափոխությունից հետո, նույնիսկ նրանից հետո, երբ Եվրոպական դատարանի կողմից 2018-19-20 թվականին ընծայվեցին տասնյակ տարիներ տառապված գործերով վճիռներ, որոնցով մարդիկ իրենց առողջությունը, կյանքը զոհաբերել էին էդ իրավունքների համար պայքարին... և դրանք մսխվեցին, նույնիսկ դրանց պատասխանատուները չենթարկվեցին արժանի պատասխանների, որևէ դատավոր էսօրվա դատական համակարգում չի կարող մարսել նման ծանրության գործ»:
Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն ասում է, որ սա բոյկոտ է` մինչև դատական, իրավապահ, համակարգում էական փոփոխություններ կկատարվեն. – «Շատ վրդովված ենք: Չենք դիմանում, ի՞նչ անենք: Բոյկոտում ենք, որ չգնանք դատական նիստերին: Տեսնենք հետագայում ինչ ա լինելու: Տասը տարի պայքարել են էն իշխանության դեմ, երկու տարի լրացել է, գործերը դատական փուլ չեն կարողանում մտնել: Համոզված եմ, եթե մենք անցնենք դատական փուլ, խորանանք դատական փուլի մեջ, հավատացած եմ, որ Քոչարյանի փաստաբանները ասելիք չեն ունենա: Բայց եթե Քոչարյանը մնում ա ազատության մեջ, մեր վկաները կաշկանդված կլինեն...»
Քլոյանն ասում է՝ ամիսներ շարունակ դատարանը քննարկում էր այս գործով գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի առողջության հարցը, կորոնավիրուսից կանխարգելիչ միջոցներ ձեռնարկում մեղադրյալի համար, այնինչ Քոչարյանն ազատության մեջ հիվանդոցային բուժում չի ստանում. – «Մենք էսօր քննադատում ենք դատախազին, որ անցնի գործի: Ի՞նչ ա նշանակում. հիվանդանոցից Քոչարյանը դուրս ա գալիս և անմիջապես գնում ա Սևան սկուտեր քշելու... Սա սիմուլյացիա ա Քոչարյանի կողմից: Հավաք ա կազմակերպել, բոլորը առանց դիմակի: Իսկ ի՞նչ ա անում պարետը: Ես տեսել եմ, պարետը չի՞ տեսնում, որ Սևանում ինչ ա կատարվում, առանց դիմակի հավաք է կազմակերպվում: Ինչի՞ դրա համար պատասխանատվություն չեն կրում: Ո՞ւր ա Ազգային անվտագնությունը: Թող մի հատ նայի Քոչարյանը ինչ ա անում... սահմանադրական կարգը տապալող մարդը դուս ա էկել հարցազրույցների, իր համար ման ա գալիս, անգամ սպառնում ա, որ ես հեղափոխություն պիտի անեմ և ճանապարհներ կփակեմ»:
Այդուհանդերձ Մարտի 1-ի գործով տուժողները իրավիճակը փակուղային չեն համարում, իշխանությանը ազդակ են փոխանցում:
Տիգրան Եգորյան. – «Հիմա ևս լուծում կա: Հենց դրա համար մենք հայտարարել ենք մեր գործողության մասին, որպեսզի լրացուցիչ օժանդակ ազդակ լինի, որ սա շատ վտանգավոր մի շրջափուլ է, և սա պետք է շատ արագ հաղթահարել»: