Մոսկվայում մեկնարկում է կորոնավիրուսի դեմ կամավորների պատվաստումը

Այս շաբաթ Մոսկվայում մեկնարկում է կորոնավիրուսի դեմ կամավորների պատվաստումը, այս մասին հայտարարել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ընթացքում: Սոբյանինի խոսքերով` Sputnik V պատվաստանյութի գրանցմանը հաջորդող հետազոտության անցկացման համար ողջ ենթակառուցվածքները պատրաստ են: Մոսկվայի քաղաքապետը նշել է, որ պատվաստվելու ցանկություն է հայտնել 5 հազար կամավոր:

Հաշվված ամիսների ընթացքում ստեղծված ռուսաստանյան պատվաստանյութի արդյունավետությունը բազմաթիվ փորձագետներ կասկածի տակ են դնում՝ պնդելով, որ դեղամիջոցը բավարար չափով չի փորձարկվել, և հայտնի չէ մարդու օրգանիզմի վրա դրա թողած ազդեցությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նկատել է, որ Sputnik V-ն գրանցվել է առանց կազմակերպության ուղեցույցում նշված կլինիկական փորձարկումների բոլոր փուլերն անցնելու: Մինչդեռ փաստաթուղթը պահանջում է, որ մշակվող պատվաստանյութն առաջին փուլում փորձարկվի կենդանիների վրա, այնուհետև կամավորների փոքր խմբի, ապա հազարավոր կամավորների վրա: Ռուսաստանը, մինչդեռ, կլինիկական փորձարկումների երրորդ փուլը սկսում է պատվաստանյութը գրանցելուց հետո։