Բելառուսում բողոքի ցույցերը շարունակվում են, արցունքաբեր գազ է կիրառվել

Բելառուս- «Միասնության երթը» Մինսկում, 6 սեպտեմբերի, 2020թ.

Արդեն չորրորդ շաբաթն է` ողջ Բելառուսով մեկ բողոքի ցույցերը շարունակվում են: Մինսկի կենտրոնում երեկ կրկին լայնածավալ բողոքի ցույց տեղի ունեցավ, որին մասնակցեց առնվազն 100 հազար մարդ, բերման ենթարկվեց շուրջ երկու հարյուր մարդ:

Ցուցարարները հասան Անկախության պալատի մոտ և մի քանի ժամ կանգնած էին այնտեղ, Գրոդնոյում ցուցարարներին ցրեցին արցունքաբեր գազ կիրառելով:

Երեկ անցկացված «Միասնության երթից» առաջ Սվետլանա Տիխանովսկայայի աջակից, Համակարգող խորհրդի անդամ Օլգա Կովալկովան անհետացել է: Ավելի ուշ նա պատմել է, որ Բելառուսի իշխանությունները նրան երկրից դուրս են հանել և այժմ Վարշավայում է գտնվում: Օգոստոսի 24-ին ձերբակալվելուց հետո նա 10 օր մեկուսարանում է անցկացրել: Այդ ընթացքում ձերբակալությունը երկարաձգվել է ևս 15 օրով, և անվտանգության ուժերը խոստացել են կրկին երկարացնել ժամկետը, եթե նա չհամաձայնի լքել երկիրը: