Արա Թորանյանը ֆրանսիական դատարանում հաղթանակ է տարել ժխտողականության քարոզիչներից մեկի նկատմամբ

Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը հաղթանակ է տարել ժխտողականության հայտնի քարոզիչներից մեկի` Մաքսիմ Գոյենի դեմ Վճռաբեկ դատարանի կողմից օրերս կայացրած որոշմամբ: Հայոց ցեղասպանությունը ժխտող Մաքսիմ Գոյենը զրպարտության մեղադրանքով բողոք էր ներկայացրել Արա Թորանյանի և նրա գործընկերոջ դեմ` իրեն «թուրքական ֆաշիզմի գործակալ» անվանելու հետ: Փարիզի պատժիչ դատարանի 17-րդ ատյանը 2018 թվականի հոկտեմբերի 18-ին մերժել էր Գոյենի բողոքը` համարելով, թե Արա Թորանյանն ուներ բավարար փաստացի հիմքեր` նման կերպ արտահայտվելու համար: Վճռաբեկ դատարանը փաստորեն հաստատել է այդ որոշումը:

Ինչպես նշել է Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհուրդն իր այս առթիվ արած հայտարարության մեջ, այդ դատարավարությունների վճիռները նոր առաջընթաց են ներկայացնում 1915թ. թուրք իշխանությունների կողմից գործված Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարտության և արդարադատության հարցում, բայց չեն կարող պաշտպանություն հանդիսանալ ժխտողականության դեմ: Հետևաբար, ֆրանսահայ կազմակերպությունը կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին Ազգային ժողովում արդեն մի քանի անգամ քննարկված ժխտողականության քրեականացման օրենքը վերադարձնել կրկին ԱԺ և քննարկել այն վերջին իրադարձությունների ֆոնին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Փարիզի կենտրոնում գտնվող Կոմիտասի հուշարձանն էր պղծվել ժխտողական մակագրությամբ, այս հուշարձանը նվիրված է Հայոց ցեղասպանության նահատակների, ինչպես նաև Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակին։

Սա կարճ ժամանակահատվածում կատարված երկրորդ հակահայ գործողությունն էր տավուշյան բախումներից հետո, առաջինը Դեսինի հայ համայնքի վրա «Գորշ գայլերի» կողմից հարձակումն էր:

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը Փարիզում հարգանքի տուրք էին մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Կոմիտաս Վարդապետի արձանի մոտ:

Ֆրանսիայի դեսպանությունը ևս դատապարտել էր սա:

Դեսին քաղաքի հակահայ իրադարձության կազմակերպիչները շուտով կկանգնեն դատարանի առջև, իսկ Կոմիտասի հուշարձանի պղծումից հետո քաղաքական դասակարգի բազմաթիվ ներկայացուցիչներ դատապարտեցին արարքը: «Էրդողանի կողմնակիցների կողմից խրախուսված ժխտողականության հանդեպ պետք է լինել անզիջում, ժխտողականության քրեականացման օրենքը պետք է կրկին բերվի Ազգային ժողով», - նշել էր պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին համացանցում արած իր հայտարարության մեջ: