Գերմանիան Ռուսաստանին կոչ է անում Նավալնիի թունավորման կապակցությամբ հետաքննություն սկսել

Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը հանդես է գալիս ասուլիսով, 2 սեպտեմբերի, 2020թ.

Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը Ռուսաստանին կոչ է արել առաջիկա օրերին կոնկրետ քայլեր կատարել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հնարավոր թունավորման դեպքը հետաքննելու ուղղությամբ։

«Bild am Sonntag» թերթի հարցազրույցում Մաասն ասել է, որ եթե Մոսկվան շարունակի «մշուշոտ հայտարարությունները», ապա դրանք ապացույց կհամարվի, որ Ռուսաստանի իշխանությունը մասնակցություն ունի հանցագործությանը։ Գերմանիան կհամարի, որ Ռուսաստանը թաքցնելու բան ունի և հնարավոր արձագանքի շուրջ քննարկումներ կնախաձեռնի իր գործընկերների հետ։ Գերմանիայի ԱԳ նախարարը ակնարկել է, որ խոսքը պատժամիջոցների մասին է, որոնք պետք է հասցեական լինեն։

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Գերմանիան ինքն է արգելակում հետաքննությունը՝ Նավալնիի գործով չպատասխանելով Ռուսաստանի գլխավոր դատախազության հարցադրումներին։