Գյումրին առաջին անգամ քաղաքի օրը նշեց առանց հյուրերի

Քաղաքապետը խոստացավ՝ հաջորդ տարի այնպես են նշելու, որ այս տարվա բացը լրացնեն:

Գյումրին այսօր առաջին անգամ քաղաքի օրը նշեց առանց հյուրերի: Միջոցառումները կազմակերպվել էին` հաշվի առնելով համավարկն ու դրա թելադրած անվտանգության կանոնները:

Քաղաքային իշխանություններն այսօր ամռանը տեղացած ուժեղ կարկտի ու անձրևի հետևանքով հեղեղված ավտոկայանի տնակային ավանի 6 ընտանիքի սոցիալական բնակարանների բանալիները հանձնեցին:

«Անպայման պետք է, որպեսզի դուք ձեր տնակները քանդեք: Եթե դուք տնակները չեք քանդելու, մենք բանալիները հետ ենք վերցնելու՝ պայմանը սա է, գիտեք», - ասաց քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«Շատ վատ վիճակում, ապրել հնարավոր չէր, էկել են, տեսել են, գրել են, կանչեցին ու հատկացրին էս բնակարանը», - «Ազատությանը» ասաց բնակիչներից մի կին՝ հայտնելով, որ տնակում ապրել են 32 տարի, նախկինում բնակարան չէին ստացել, սակայն անօթևանի կարգավիճակ չունեին:

Մեկ այլ կին, որը նույնպես 32 տարի տնակում էր ապրել, հայտնեց, որ անօթևանի կարգավիճակ ունեին. - «Ջրհեղեղից հետո առաջարկեցին սոցիալական բնակարան, քանի որ ապրել հնարավոր չէր տնակում, վերցրել ենք»:

Երկու տարի առաջ մահացած ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի անունը կրող մարզադպրոցը բացվեց: Մայրը՝ Ասյա Վարդանյանը, քույրերը եկել էին մասնակցելու մարզադպրոցի բացմանը:

«Շատ հպարտ եմ: Ճիշտ է, իմ տղես չկա, շատ հպարտ եմ, որ իմ Յուրիկիս համար էսպես դպրոց են բացում: Ես շատ ուրախ եմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ասյա Վարդանյանը:

Նորակառույց մարզադպրոց հաճախող երեխաների թիվն ավելացել է։ Ծանրամարտի չեմպիոններ տված քաղաքում այս մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է: Մարզադպրոցի տնօրեն Յուրի Ավշարյանն ասում է, որ դպրոցում հիմա էլ գործող չեմպիոններ ունեն:

«Էստեղ շատ խիտ թաղամաս է, բազմիցս ասել եմ, գալու օրվանից արդեն 30-ից ավելի սաներ համարյա տարբեր խմբերին ավելացել են, էկել են էստեղ: Ունենք չեմպիոններ՝ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ենք ունեցել այս տարի, էս համավարակի հետ կապված՝ մրցումները դադարեցվել են, եթե մրցումները լինի, էլի անպայման կունենանք», - «Ազատության» հետ զրույցում նշեց Ավշարյանը:

Ամենամեծ անակնկալը վերջին տարիներին տուրիստական մեծ հոսք ունեցող քաղաքի համար Գյումրու պատմության թանգարանի բացումն էր: Քաղաքապետարանի շենքի նկուղային հատվածում կարողացել էին տեղավորել և՛ թանգարանը, և՛ քաղաքային գրադարանը: Թանգարանի ցուցանմուշները տարբեր տեղերից էին հավաքել, կային իրեր, որ քաղաքապետարանը գնել է: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց, որ թանգարանի ֆոնդը դեռ համալրվելու է:

«Թանգարանում հիմնականում մենք մեր ֆոնդերն ենք հավաքել, որը երկրաշարժի ժամանակ տեղափոխել, տարել էին այլ թանգարաններ, և նաև քաղաքում, օրինակ, էս տեսախցիկը գնել ենք մենք մեր, Փարաջանով, եթե հիշում եք, կա ֆոտո, էդ ֆոտոյի, էս իրեն սեփականությունն է եղել, մենք գնել ենք և էսօր տեղադրել ենք էստեղ՝ ցույց տալու համար: Շատ հետաքրքիր է էս ամեն ինչը, իհարկե», - ասաց քաղաքապետը՝ շարունակելով. - «Նաև էլի ֆոնդեր ունենք հավաքելու, մենք ոսկու ֆոնդը բերեցինք, արծաթի ֆոնդը բերեցինք, էլի ֆոնդեր ունենք հավաքելու, որը պիտի հավաքենք դեռ, բերենք տեղադրենք մեր էս պատմական թանգարանում»:

Նորաբաց թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանը չի էլ հասցրել հաշվել, թե քանի ցուցանմուշով է համալրվել թանգարանի ֆոնդը: 2 հազարից ավելի ցուցանմուշ ցուցադրվում է թանգարանում: Ամենայուրօրինակ ցուցանմուշը 5-6 հազար տարվա պատմություն ունի. - «Սա 6 հազար տարվա ցուլն է, որը ունի 6 հազար տարվա հնություն, վկայում է հնության մասին քաղաքի», - նշեց Ավագյանը:

Գյումրիի պատմությունը, մշակույթը, արհեստներն ու արվեստը ներկայացնող թանգարանը, ըստ քաղաքապետի, շատ բան կբացահայտի քաղաքի մասին զբոսաշրջիկներին։

«Ափսոս, որ էսպես ստացվեց, այլապես մենք կունենայինք լուրջ տուրիստական հոսք: Պատճառը պարզ է: Բայց մենք հաջորդ տարի սպասելու ենք, մանավանդ՝ ինչի՞ համար հրապարակի վրա բացվեց սա, հենց մուտքը էստեղից, որովհետև տուրիստը հիմնականում գալիս է հրապարակ սկզբից, հրապարակ որ գալիս է՝ բնականաբար, անպայման ինքը էս թանգարան մտնելու է: Ես էս յուրահատուկ եմ համարում, որովհետև վերջապես մենք կարողացանք էդ խոնավությունից հանել այդ մեր ֆոնդը ունեցած, վերջապես կարողացանք հավաքել մեր ունեցվածքը, վերջապես ցույց տալ, թե մենք ով ենք: Էս ամեն ինչը ուղղակի երևի երազանք էր, որ կատարվեց», - նշեց Բալասանյանը:

Քաղաքի օրվա նվիրված մշակութային միջոցառումներն էլ առանց հանդիսականների են անցկացվում, փոխարենը օնլայն են հեռարձակվում։

Սամվել Բալասանյանը խոստացավ՝ հաջորդ տարի այնպես են նշելու, որ այս տարվա բացը լրացնեն: