«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական ամենամյա փառատոնն այս երեկո Ազգային ժողովի այգում կներկայացնի Ջուզեպե Վերդիի ամենահայտնի օպերաներից մեկի՝ «Տրավիատայի» համերգային կատարումը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի և օպերային անվանի մեներգիչների մասնակցությամբ՝ այսպիսով ազդարարելով փառատոնի հանդիսավոր բացումը:
Փառատոնի բացման հանդիսությունները կշարունակվեն նաև սեպտեմբերի 7-ին սահմանամերձ Տավուշի Բերդ քաղաքի «Սորաններ» կոչվող դենդրոպարկում, որտեղ կրկին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և մենակատարների մասնակցությամբ տեղի կունենա դասական երաժշտության համերգ, որի ընթացքում կհնչեն ամենատարբեր կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Այս համերգը կանցկացվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թիկունքը ՝ մշակույթ» ծրագրի շրջանակներում: Բերդում կայանալիք համերգին մասնակցելու համար Հայաստան կժամանաի նաև մեր լավագույն թավջութակահարներից Նարեկ Հախնազարյանը:
«Մշակութային վակուումը քիչ-քիչ հաղթահարում ենք: Ահռելի կարոտ է ձևավորվել մշակութային բովանդակության և մշակութային հարաբերությունների: Եվ զարմանալիորեն այս վակուումը հաղթահարում ենք նոր գաղափարներով, հագեցած նոր մտահղացումներով, որոնք աստիճանաբար պիտի կյանքի կոչենք: Ճիշտ է, մենք այս նախագիծը սկսեցինք հայտնի դեպքերից հետո, երբ Տավուշի սահմանագծին եղան բախումները, և մենք որոշեցինք պարզապես մշակութային բովանդակությամբ ամբողջ տարվա ընթացքում հեղեղել Տավուշը և ինքներս մեզ մեր աչքերի առջև, նաև միջազգային հանրության առջև հերթական անգամ դիրքավորենք որպես թեպետև ամուր բանակ և ուժ, բազուկ ունեցող ժողովուրդ, բայց միևնույն ժամանակ քաղաքակիրթ, խաղաղասեր և մշակութակենտրոն ազգ և հանրություն», - այսօր հրավիրված ասուլիսում ասաց մշակույթի գծով փոխնախարար Արա Խզմալյանը՝ հավելելով. – «Այն, ինչ տեղի է ունենալու երկուշաբթի օրը, սա, ես թույլ տվեք առանց չափազանցության համարեմ որպես պատմական իրադարձություն, որովհետև երբևէ չի եղել, որ այնպիսի ծանրակշիռ, հեղինակավոր, ահռելի պատմություն փառատոն, որպիսին է «Երևանյան հեռանկարները», իր կարելի է ասել մեկնարկը տա Տավուշում, սահմանամերձ համայնքում, Բերդ քաղաքում: Եվ երբեք չի եղել այնպես, որ մեր ամենահեղինակավոր կոլեկտիվներից մեկը` Ֆիլհարմոնիկ պետական նվագախումբը ելույթ ունենա սահմանամերձ համայնքում»:
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ Ստեփան Ռոստոմյանն ասաց. – «Արվեստն իր բնույթով հաղթական է, և մենք միանում ենք էդ հաղթանակներին: Ցույց տալիս, որ մեր երկիրը իր զենքը միշտ ինտելեկտուալ իր մակարդակն է, որ խոսալու իրա ձևը սա է: Մենք էդպես ենք աշխարհի հետ խոսում` մշակույթով: Մենք ամեն ձևով կարանք խոսենք, բայց մեր բնույթը, մեր ձևը, մեր կերպարը դա արվեստն է: Սա փառատոնի համար մեծագույն պատիվ է, որ պիտի մասնակցի էս պատմական իրողությանը»:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը հավելեց, որ թե' նվագախումբը, թե' մենակատարները համոզված են, որ Տավուշում կայանալիք այս աննախադեպ համերգը մեծ արձագանք է գտնելու սահմանամերձ բնակավայրերում՝ արվեստի հզոր ուժով է'լ ավելի զորացնելով սահմանամերձ գոտու բնակչությանը. – «Շատ ուրախ եմ, որ գնալու ենք իսկապես սահմանին ելույթ ունենանք: Մեր երկրի սահմանին իսկապես մենք պետք է ցույց տան, որ մենք մշակույթով ենք ձեզ պատասխանում: Հիմա հրաշալի է, որ սա պետական մակարդակով մակարդակով է արվում»: