Արտակարգ դրությանը փոխարինելու կոչված օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց ամբողջությամբ

Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացնում է փոփոխությունների փաթեթը

70 կողմ, 19 դեմ, 0 ձեռնապահ ձայների հարաբերակցությամբ Ազգային Ժողովը երկորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենքների փոփոխությունների ծավալուն փաթեթը («Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին փաթեթը) , որն ըստ էության գալիս է փոխարինելու արտակարգ դրությանը։

Ըստ կառավարության ներկայացրած նախագծի, վարակիչ հիվանդությունների հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում երկրում կարող է սահմանվել կարանտին: Նման լիազորություն ունի կառավարությունը, ինչպես նաև մարզպետը կամ Երևանի քաղաքապետը` Առողջապահության նախարարության առաջարկությամբ։ Կարանտինի հայտարարումը լիազոր մարմնին մի շարք խիստ սահմանափակումներ մտցնելու հնարավորություն է տալիս:

«Համաճարակի գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում, պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում, անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցի տեղաշարժման սահմանափակումներ, օբզերվացիա, ինքնամեկուսացում, մեկուսացում: Կարող են կիրառվել նաև լրացուցիչ հատուկ միջոցառումներ», - նախագիծը ներկայացնելիս թվարկեց Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբացկությունները դեմ էին օրինագծերի փաթեթին: Մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն է, բայց կառավարությունը դարձյալ վերջին պահին կարևորագույն նախագիծ է ներկայացնում 24-ժամյա ռեժիմով։

«5 ամիս ժամանակ ունեիք այս նախագիծը ներկայացնելու համար», - ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: - «Կարանտին: Մի հատ թարգմանեք դա ռուսերեն, անգլերեն ու լուրերով մի հատ նայեք, տեսեք, թե էդ ուղերձից հետո հնարավո՞ր ա Հայաստանի քաղաքացիներին թույլ տան ընդհանրապես դուրս գալ էս երկրից: Ո՞նց ենք բացատրելու, որ սա ավելի մեղմ ռեժիմ ա, վիճակը լավացել ա և արտակարգ դրությունից դուրս ենք էկել և ուրիշ բան ենք անում: Արդյո՞ք մենք չպետք ա ունենայինք ավելի երկար ժամանակ ավելի լավ իրավակարգավորումներ ունենալ, ավելի լավ ձևակերպումներ, որը ավելի քիչ խնդրահարույց կլիներ»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ընդդիմադիրների այս փաստարկը անտրամաբանական համարեց` ասելով, թե «կարանտին» բառի փոխարեն կարող են օրենքում «հրաշք» գրել, բայց դրանից Հայաստանում վարակակիրների թիվը չի փոխվի. – «Եվրոպական երկրների արտգործնախարարություններով նստած մարդիկ լուրերն են կարդում, մեկ էլ` վայ, կարանտին բառը կա: Վերջ, պետք ա Հայաստանից ոչ մեկ չգա մեր մոտ: Այսինքն`ձեր կարծիքով, էս մակարդակի են որոշումները կայացվում պետական կառավարման ապարատներում տարբեր երկրների՞: Չէ, էդպես չի, սիրելիներս: Ու ընդհանրապես, երբ որ մի երկրից մուտքը կամ ելքը արգելում են համաճարակի ժամանակ, դրա համար մեկ ցուցիչը հետևյալն ա` ինչպիսի հակահամաճարակային վիճակ է իրականում այդ երկրում: Օրինակ, օրական վարակումների որքան թիվ է գրանցվում»:

«Ուզում էինք ավելի լավ, ստացվեց ինչպես միշտ», - վստահ է մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր։ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը հերթով թվարկեց Սահմանադրության մի քանի հոդվածներ՝ հայտարարելով, որ այս փոփոխություններով դրանք ոտնահարվում են։

Պատմագավորին անհանգստացնում էին նաև օրենքով սահմանված տուգանքի չափերը. – «Մեր նախկին գործընկերը մի շատ լավ նախադասություն ուներ` քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, որի հետ մենք բոլորս միանշանակ համաձայն էինք: Հիմա այս ձեր գրած փաթեթով 11 նոր տուգանքի ձև է ավելանում` 20, 30, 40... 100, մինչև 500 հազար դրամ, և տուգանքի ամպլիտուդը հսկայական է, և թողնված է լյուֆտ սուբյեկտիվ որոշումներ կայացնելու համար»:

Մինչև փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկելը ԱԺ պետաիրավական հանձնաժողովը նիստ գումարեց և քննարկեց փաթեթի վերաբերյալ ստացած առաջարկները։

Փոխնախարարը ևս մեկ անգամ հստակեցրեց, որ այս փոփոխությունները որևէ կերպ չեն ենթադրում առանց քաղաքացու համաձյանություն իմունականխագերման, այսինքն պատվաստման իրականացում. – «Իմունականխարգելումը իրականացվելու է բացառապես կամավոր: Դրա հարկադիր կամ դատական կարգով իրականացում չի ենթադրվում ըստ նախագծի»:

Արտակարգ դրությունն ավարտվում է սեպտեմբերի 11-ին։ Կարանտին հայտարարելու դեպքում այն կարող է 6 ամիս տևել՝ հետագայում ևս 6 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։