Հաքերները կոտրել են Վրաստանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարին վերաբերող տվյալների բազան

Վրաստանի առողջապահության նախարարության սերվերները ենթարկվել են հաքերային հարձակման։ Այդ մասին այսօր հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարությունը՝ պնդելով. «Հարձակումն իրականացվել է սեպտեմբերի 1-ին՝ հարևան պետություններից մեկի հատուկ ծառայությունների կողմից»։

Վրաստանի ՆԳՆ տվյալներով` հաքերներին հաջողվել է տիրանալ Առողջապահության նախարարության մի շարք ստորաբաժանումների, այդ թվում` Լուգարի լաբորատորիայի՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին վերաբերող տվյալների բազայի մի մասին։

«Գողացված փաստաթղթերի մի մասը տեղադրվել է արտերկրում գործող կայքերից մեկում։ Բացի այդ, տվյալ կայքում ակնհայտորեն կեղծ փաստաթղթեր են ներբեռնվել։ Դրանց կեղծման նպատակը մարդկանց շրջանում անվստահության և վախի մթնոլորտ սերմանելն է», - նշված է Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։