Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև եռակողմ ռազմական համագործակցությունը մտահոգում է պաշտոնական Բաքվին։ Նախօրեին այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանում Հունաստանի նորանշանակ դեսպան Նիկոս Պիպերիկոսի հավատարմագրերն ընդունելու ընթացքում, անդրադառնալով Բաքվի և Աթենքի հարաբերություններում վերջին շրջանում կուտակված խնդիրներին։
«Երկրորդ խնդրահարույց հարցը, որի մասին ես կցանկանայի հիշատակել, Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև ծավալված ռազմական համագործակցությունն է։ Ինչպես գիտեք, Հայաստանը այն երկիրն է, որ օկուպացրել է մեր տարածքները։ Հայաստանը չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և ագրեսիվ պահվածք է ցուցաբերում։ Մի խոսքով, Հայաստանը Ադրբեջանի թշնամին է։ Նման պայմաններում որևէ պետության սերտ ռազմական համագործակցությունը Հայաստանի հետ մեզ մտահոգում է, քանի որ դա գոյաբանական սպառնալիք է հանդիսանում Ադրբեջանի համար», - հայտարարում էր Իլհամ Ալիևը։