Այսօր բախումներ են տեղի ունեցել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի կենտրոնական հրապարակում՝ կառավարության և խորհրդարանի շենքերի անմիջական հարևանությամբ։ Ցուցարարները պահանջում էին վարչապետ Բոյկո Բորիսովի և Բուլղարիայի գլխավոր դատախազի հրաժարականը՝ նրանց մեղադրելով կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու մեջ։
Բախումների ընթացքում ոստիկանության առնվազն 20 աշխատակից է վիրավորվել, ցուցարարներից 30-ը բերման են ենթարկվել։ Իրավիճակը Բուլղարիայում սրվել է այն բանից հետո, երբ վարչապետ Բորիսովը հայտարարել է սահմանադրական փոփոխությունների գործընթաց նախաձեռնելու մասին։ Ընդդիմության համոզմամբ` իշխող թիմը Սահմանադրության փոփոխությամբ փորձում է ամրապնդել վերջին շրջանի կոռուպցիոն սկանդալների հետևանքով խարխլված դիրքերը։