Կադիրովը ավագ դստերը նշանակել է մշակույթի փոխնախարարի պաշտոնում

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ավագ դուստրը՝ 21-ամյա Այշաթ Կադիրովան, նշանակվել է հանրապետության մշակույթի նախարարի առաջին տեղակալի պաշտոնում։ Այդ մասին Ռամզան Կադիրովը գրել է Տելեգրամի իր օգտահաշվում։

«Չնայած երիտասարդ տարիքին Այշաթ Կադիրովան բավական լայնածավալ նախագծեր ղեկավարելու փորձ ունի, այդ թվում` մշակույթի ասպարեզում», - գրել է Չեչնիայի ղեկավարը։

Այշաթ Կադիրովան 18 տարեկանում ստանձնել է Գրոզնիում գործող Firdaws նորաձևության տան ղեկավարությունը, 2020 թվականի գարնանն էլ արժանացել «Չեչենական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանին։ Այս տարվա ամռանը Այշաթ Կադիրովան իր ընտանիքի մի շարք անդամների հետ միասին ընդգրկվել էր Պետդեպարտամենտի կողմից կազմված սև ցուցակում։ Նրա մուտքը ԱՄՆ տարածք արգելվել է, հնարավոր ֆինանսական ակտիվները երկրի տարածքում սառեցվել են։