Քաղաքական աշունը թեժ է լինելու։ Խոստանում է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը։ Նրա գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստանը» և Հայ հեղափոխական դաշնակցությունն ակտիվ քննարկումների մեջ են:
«Քաղաքական իմաստով թեժ աշուն, իհարկե, սպասվում է, բայց ես չեմ ուզենա բաժանել տարվա եղանակները և կապել քաղաքականության հետ: Մեզ համար` կոնկրետ «Հայրենիք» կուսակցության համար թեժ են արդեն վերջին մի քանի ամիսները», - ասում է նա:
Եռյակի օրակարգում Նիկոլ Փաշինյանի իշխանության հրաժարականն է։ Օր առաջ գործող իշխանությունից ազատվելու օրակարգով պատրաստ են համագործակցել գրեթե բոլոր ուժերի ու գործիչների հետ, բացառությամբ «Սասնա ծռերի», ասում է Նիկոլ Փաշինյանի երբեմնի դաշնակիցը. - «Այդ օրակարգը հետևյալն է, որ Նիկոլ Փաշինյանի և իր կողմից ղեկավարվող կառավարության յուրաքանչյուր օր ավել իշխանության ղեկին մնալը կործանարար է Հայաստանի Հանրապետության համար: Այդ օրակարգի շուրջ մենք պատրաստ ենք համագործակցել գրեթե բոլոր ուժերի հետ»:
Հերթական ընտրություններին սպասելու ժամանակ չկա։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններով պետք է ձևավորվի նոր որակի իշխանություն, ասում է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը. - «Մենք գտնում ենք, որ ստեղծված իրավիճակից ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, որտեղ հենց մեր նույն ժողովուրդը կձևավորի նոր որակի իշխանություն: Սա է մեր պահանջը»:
Խորհրդարանական նստաշրջանին ընդառաջ այս օրերին մարզերով շրջում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Մարզային ակտիվի հետ հանդիպումներում ոչ թե կառավարության հրաժարականն է պահանջում, ինչպես երկու ամիս առաջ, այլ քննադատում է գործադիրին։ Ընտրակաշառքի գործով մեղադրյալ, պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված Ծառուկյանը հընթացս էլ մտահոգվում իր հնարավոր կալանավորմամբ. - «Ծառուկյանի դեմ, ոչ թե իմ հանդեպ, բոլոր իմ թիմակիցների հանդեպ նախկին, հին գործեր են բացահայտում, ասում: Ես ասենք, ժողովուրդ ջան, եթե Ծառուկյանին ձերբակալելով է, որ պետք է ժողովրդի աշխատավարձը բարձրանա, աշխատատեղեր լինեն, Ղարաբաղի հարցը լուծվի, թոշակները բարձրանան, թող էլի կալանավորեն, ձերբակալեն, բայց Ծառուկյանին կալանավորելով` ոչ մի խնդիր չեն լուծելու»:
Իշխանության դեմ համախմբումը նեղ կլանային շահ է և դատապարտված է ձախողման, ընդդիմախոսներին հակադարձում է իշխող խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը. - «Նեղ կլանային այսպես ասած` այդ մի քանի հոգանոց հանդիպումների ստեղծած կեղծ օրակարգ է, որովհետև այսօր պահանջել իշխանությունների հրաժարականը որևէ հիմնավորում դրա չկա»:
Փաշինյանի կառավարության դեմ համախմբված ուժերը վստահ են, որ հանրության շրջանում բավարար համախոհներ ունեն և անհրաժեշտ պահին իշխանափոխության օրակարգը կուսակցական գրասենյակից կտեղափոխեն փողոց. - «Հանրահավաքները, զանգվածային բողոքի ակցիաները քաղաքական գործընթացի անբաժանելի մասն են: Մենք, իհարկե, հարկ եղած դեպքում և ճիշտ պահին կօգտվենք այդ գործիքակազմից: Մենք, այո, շատ ակտիվ քննարկումներ ենք իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեր գործընկերների հետ, այդ թվում` հանդիպում ենք քաղաքական դաշտում գործունեություն ծավալող այլ ուժերի, անհատների հետ», - նշում է Վանեցյանը:
Դաշնակցական գործիչը իշխանությանը մեղադրում է անգործության համար, երկուսուկես տարի հպարտանում են միայն ճանապարհների ասֆալտապատմամբ, ասում է նա. - «Այսօրվա իշխանությունը հեռացել է 2018 թվականի գարնանը ձևակերպված ժողովրդի հանրային պահանջներից, ինքն է հեռացել իր օրակարգից: Այն բոլոր խոստումները, որոնք տվել է մեր հասարակությանը, բարեփոխումների, երկիրը զարգացնելու բազմաթիվ ուղղություններով, դրանք ձախողել է: Մենք երկուսկես տարի անց արձանագրում ենք, որ ինքը հեռացել է այդ պահանջներից, և երկիրը զարգացման ուղուց շեղվել է ըստ էության»:
2018-ին հարյուր հազարավոր քաղաքացիներ փողոցներն ասֆալտապատելու պահանջով չէին հեղեղել, նրանց ակնկալիքները չեն արդարացել, իսկ համաճարակի դեմ պայքարը ձախողվել է, քննադատում է ԱԱԾ նախկին տնօրենն ու պնդում՝ կոռուպցիան իր պաշտոնավարման օրոք էր գլխատվում, իր պաշտոնանկությունից հետո աղմկոտ ձերբակալություններ չեն եղել. - «2018 թվականի մայիսի 10-ից մինչև սեպտեմբերի 16-ը 2019 թվականի ես արել եմ յուրաքանչյուր օր, որ կոռուպցիան իրականում գլխատվի: Իմ աշխատանքից ազատվելուց հետո թող մատնանշեն գեթ մեկ դեպք, երբ պատասխանատվության է ենթարկվել այսպես կոչված` նախկին կոռուպցիոներներից որևէ մեկը: Ես կարող եմ թվարկել մի քանի դեպքեր, երբ իմ կողմից պատասխանատվության կամ քրեական գործով ձերբակալված, կալանավորված անձինք ազատ են արձակվել և այսօր ազատ շրջում են Հայաստանի Հանրապետությունում»:
Միգուցե Արթուր Վանեցյանը պատմի, թե ինչ հնչեղ կոռուպցիոն բացահայտումներ ու ձերբակալություններ են տապալվել իր պաշտոնավարման օրոք, և ի վերջո ԱԱԾ պետն է գաղտնալսվել, հիշեցնում է իշխանական պատգամավորը. - «Իսկ միգուցե խոսենք` ինչեր չեն եղել իր պաշտոնավարման օրոք, ինչպիսի աղմկահարույց գործեր, որ կարող էին լինել, այդպես էլ տեղի չունեցան իր պաշտոնավարման օրոք, օրինակ` ինչո՞ւ Միշիկ (Միքայել) Մինասյանի համակարգիչը իր 9 հազար ֆայլով այդպես էլ Արթուր Վանեցյանի պաշտոնավարման օրոք տեղի չունեցավ: Երևի իր վաղեմի ընկերը, ում հետ Մոսկվայում հանդիպում էր, ինչ-որ ձևով միգուցե բարեխոսե՞լ էր Միշիկ Մինասյանի համար կամ ոչ, չգիտեմ»:
Իշխանափոխության օրակարգի շուրջ համախմբված ուժերի ղեկավարներից Արթուր Վանեցյանն էլ է տարբեր քրեական գործերով հրավիրվել ԱԱԾ և Հատուկ քննչական ծառայություն, թեև որևէ գործով կարգավիճակ չունի։ Վանեցյանն ու Ծառուկյանը համարում են, որ իրենց նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, իսկ իշխանական պատգամավորի կարծիքով էլ` նրանք, իշխանությանը թիրախավորելով, պատասխանտվությունից են փորձում խուսափել։ Գործող իշխանության դեմ համախմբված ուժերը երբ կոնկրետ գործողությունների կանցնեն, փակագծեր դեռ չեն բացում։