Հակոբ Ղազանչյան․ Սպասում ենք, որ սեպտեմբերի կեսերից ինչ-որ փոփոխություններ կլինեն

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը հավաստիացնում է, որ այն պահին, երբ թույլատրվի թատրոնների գործունեությունը թատերական դահլիճներում, իրենք առնվազն մի քանի պրեմիերա կներկայացնեն հանդիսատեսին:

Ավելին, թատրոնները պարտավորվել են և լիակատար կարող են ապահովել հանդիսատեսի անվտանգությունը՝ պահպանելով հակահամավարակային բոլոր կանոնները:

Հակոբ Ղազանչյան. – Պարոնյան թատրոնում բուռն ստեղծագործական աշխատանքներ են ընթանում, այս պահին մի քանի պիես զուգահեռ փորձվում է:

«Ազատություն». – Դուք, որպես Թատերական գործիչների միության նախագահ, ի՞նչ կարող եք ընդհանուր առմամբ ասել այս վերջին հինգ ամիսներին թատերական աշխարհի գործունեության մասին:

Ղազանչյան. – Սա առավել հարվածեց թատրոնին, պարապուրդը թատրոնի մարդու համար դա մահ է: Եթե անկեղծ ասեմ, առաջին երկու ամիսներին նույնիսկ խելագարության հասնելու իրավիճակ էր: Դժվար էր, շատ դժվար... Սպասում ենք, որ շուտով [թատրոնները] կբացվեն: Մոտ մեկ ամիս առաջ Թատերական միության գործիչների նախագահությունը ընդլայնված նիստ գումարեց, և մենք միջնորդագիր հղեցինք Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարին, որպեսզի վերջինս միջնորդի պարետատուն, և ինչ-որ ձևի հանդիսատեսի հետ մեր աշխատանքներն արդեն վերսկսենք: Տեսնենք, հույս ունենք, որ արդյունք կլինի: Սպասում ենք, որ սեպտեմբերի կեսերից, երբ որ արտակարգ դրության ժամանակահատվածը ավարտվի, ինչ-որ փոփոխություններ կլինեն: Առավել ևս, որ այնքան բան պարտավորվեցին թատրոնները, մեր Պարոնյան թատրոնը այնքան բան պարտավորվեց իր վրա վերցնել…

«Ազատություն». – Իսկ ի՞նչ կասեք բացօթյա ներկայացումների մասին:

Ղազանչյան. – Ես ասել և ասում եմ` բացօթյա ներկայացումը եթե գալոչկայի համար պետք է արվի, իմաստ չունի, որ արվի: Մանավանդ և' գեղարվեստական որակն է կորչում դրանից, և'... ի՞նչ է տալիս... Ավելի լավ է առցանց, այս դեպքում չարյաց փոքրագույնն է, ցուցադրվեն ներկայացումներ, դրանք ավելի շատ դիտումներ կունենան: Բայց կրկնում եմ. եթե թատրոններն ունեն կառավարելի տարածք, տիկնիկայինն ունի, ռուսական թատրոնն ունի, Սունդուկյանի թատրոնը ունի, այդտեղ կարելի է: Որքան գիտեմ, մինչև քառասուն հոգու համար է թույլատրված: Վերջին հաշվով, տարածքներ կան, որտեղ կարելի է խաղալ: Ես կարծում եմ, որ կամաց-կամաց մենք պիտի վերսկսենք մեր աշխատանքը մեր բեմերում, մեր թատերական լույսի տակ. դեկորացիաներով շրջապատված: Գեղարվեստական որակը ներկայացումների, ես կարծում եմ, որ կարող ենք մաքսիմալը ստանալ մեր բեմերում: