Բաքուն կեղծել է ՀԲ-ին տրամադրվող տվյալները. արևմտյան մամուլ

Արևմտյան մամուլի պնդմամբ` Ադրբեջանի իշխանությունները կեղծել են Համաշխարհային բանկին տրամադրվող այն տվյալները, որոնք ֆինանսական այս կառույցն օգտագործում է գործարարությամբ զբաղվելու դյուրինության՝ այսպես կոչված Doing Business ամենամյա զեկույցը կազմելու ընթացքում։

Այս մասին անցած շաբաթավերջին գրել է ամերիկյան The Wall Street Journal (WSJ) պարբերականը` վկայակոչելով Համաշխարհային բանկին մոտ կանգնած աղբյուրները։ Ամերիկյան թերթի տվյալներով` Ադրբեջանից բացի ներդրումային և գործարար մթնոլորտի մասին ոչ հավաստի տվյալներ են ներկայացրել աշխարհի ևս երեք պետություններ՝ Չինաստանը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։

Համաշխարհային բանկը արդեն իսկ հաստատել է խնդիրների առկայությունը՝ չհստակեցնելով, սակայն, այն պետությունների շրջանակը, որոնց հետ կապված են զեկույցի հրապարակմանն առնչվող պրոբլեմները։ Բանկի ղեկավարությունը, այդուհանդերձ, հայտարարել է, որ առկա խնդիրները ստիպում են իրեն ժամանակավորապես դադարեցնել Doing Business զեկույցների հրապարակումը։

«2018 և 2020 թվականների Doing Business զեկույցներում մի շարք անճշտություններ են տեղ գտել, այդ իսկ պատճառով Համաշխարհային բանկը ներքին աուդիտ է նախաձեռնել՝ տվյալների ամբողջականությունն ապահովելու նպատակով», - նշված է Համաշխարհային բանկի խորհրդի օրերս հրապարակված հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Doing Business վերջին զեկույցը, որի տվյալներն այժմ խնդրահարույց են ճանաչվում, հրապարակվել էր նախորդ տարվա հոկտեմբերին։

Զեկույցի համաձայն՝ Ադրբեջանն աշխարհի 190 պետությունների շարքում գործարարության դյուրինության առումով զբաղեցրել էր 34-րդ հորիզոնականը՝ իր դիրքը բարելավելով միանգամից 46 կետով։

Կեղծարարության մեջ կասկածվող մյուս երեք պետություններից երկուսի վարկանիշը 2019 -ի հոկտեմբերին հրապարակված զեկույցի համաձայն ևս զգալիորեն բարելավվել էր։ Այսպես՝ Չինաստանը հայտնվել էր 59-րդ, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունները՝16-րդ կետում։

Ադրբեջանցի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի խոսքով՝ դեռ նախորդ տարվա աշնանն էր պարզ, որ Doing Business-2020 զեկույցի՝ Ադրբեջանին վերաբերող հատվածում ինչ-որ բան այն չէ։

«Ես բավական թերահավատորեն էի ընկալել հրապարակված զեկույցը։ Doing Business-2020 զեկույցում Ադրբեջանը 190 պետությունների շարքում 34-րդն էր։ Ավելին, զեկույցի հեղինակները Ադրբեջանը դասել էին աշխարհի ամենաարագ բարեփոխվող 10 պետությունների թվին», - Meydan TV կայքին տված հարցազրույցում նշում է տնտեսագետը՝ հիշեցնելով. - «Երբ այս զեկույցը հրապարակվեց, կառավարության տնտեսական բլոկը և հատկապես նախագահ Իլհամ Ալիևը հպարտանում էին արձանագրված ցուցանիշներով և բազմիցս վկայակոչում էին դրանք։ Այժմ, սակայն, պարզ է, որ Ադրբեջանից ստացվող տեղեկատվությունը կեղծ էր»։ «Մեր կեղծարարների պատճառով Համաշխարհային բանկը շատ դժվարին կացության մեջ է հայտնվել», - փաստում է ադրբեջանցի փորձագետը։

Հիշեցնենք, որ 2019-ի հոկտեմբերին հրապարակված Doing Business զեկույցի համաձայն՝ Հայաստանը նախորդ տարվա համեմատ գործարարության դյուրինության ցուցանիշովնահանջել էր 6 կետով՝ զբաղեցնելով 47-րդ հորիզոնականը՝ Մոլդովայի և Բելգիայի հարևանությամբ։