Վրաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին, համապատասխան ակտն այսօր ստորագրել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: «Այս ընտրություններն առանձնահատուկ նշանակություն ունեն, մենք ևս մենք անգամ կհաստատենք մեր երկրի ժողովրդավարությունը»,- հայտարարել է նա:
Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն նոր ընտրական համակարգով՝ 120 պատգամավորները կընտրվեն համամասնական ընտրակարգով, 30-ը՝ մեծամասնական: Վերջին սոցհարցումների համաձայն, իշխող «Վրացական երազանքի» օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 39 տոկոսը, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժման» օգտին՝ 16 տոկոսը, իսկ «Եվրոպական Վրաստանի» օգտին՝ շուրջ 5 տոկոսը։
Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քելլի Դեգնանն այսօր հայտարարել է, որ Վրաստանը պետք է զգուշանա սպասվող ընտրություններին Ռուսաստանի միջամտությունից: «Ռուսաստանը միջամտելու սխեմա ունի, այդ թվում` ապատեղեկատվության և այլ ջանքերի ուղղությամբ։ Այդ գործողությունները հետևողական բնույթ են կրում և կապված չեն միայն ընտրությունների հետ»,- ասել է դիվանագետը: