Մոսկվայում ծեծի են ենթարկել ընդդիմադիր ակտիվիստ Եգոր Ժուկովին

Ռուսաստան - Ծեծի ենթարկված Եգոր Ժուկովը, Մոսկվա, 30-ը օգոստոսի, 2020թ.

Կիրակի երեկոյան Մոսկվայում անհայտ անձինք ծեծի են ենթարկել ընդդիմադիր ակտիվիստ Եգոր Ժուկովին:

Ոստիկանությունը քննում է տեղի ունեցածը, հայտնում է Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը:

Հարձակումը տեղի է ունեցել Ժուկովի տան մուտքի մոտ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Ժուկովը հոսպիտալացվել է գանգուղեղի ցնցման կասկածանքով։

Մինչ հարձակումը ակտիվիստը պարբերաբար ահազանգում էր անհայտ անձանց կողմից իր հասցեին ստացվող տարատեսակ սպառնալիքների մասին:

22-ամյա Եգոր Ժուկովը Տնտեսության բարձրագույն դպրոցի քաղաքագիտության ֆակուլտետի ուսանող է, նա ավելի վաղ երեք տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել անցյալ տարվա հուլիսին Մոսկվայում տեղի ունեցած ցույցերին մասնակցելու կոչերի համար: