Ֆրանսիան զգուշացնում է` եթե Ռուսաստանը միջամտի բելառուսական ճգնաժամին, դա կդառնա հնարավոր սցենարներից վատթարագույնը:
Ըստ նախագահ Էմանյուել Մակրոնի, ինքն այդ մասին ասել է նաև նախագահ Պուտինին` ընդգծելով, որ Արևմուտքը դեմ է ցանկացած, այդ թվում` ոստիկանական ուժերի միջամտությանը:
Նախօրեին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե Ալեքսանդր Լուկաշենկոյի խնդրանով ոստիկանական ուժեր է կազմավորել, որը գործի կդրվի Բելառուսում, երբ «իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից»:
Ինքը` Լուկաշենկոն, որի իշխանավարման դեմ բողոքի ցույցերը երրորդ շաբաթն է` չեն դադարում, երեկ հայտարարել է, թե ինքն ու Պուտինը համաձայնել են միավորել ռուս-բելառուսական զորքերը` արևմտյան հնարավոր վտանգների դեպքում:
Ֆրանսիայի նախագահն ընդգծել է` ո՛չ ինքը, ո՛չ Գերմանիայի կանցլերը չեն ուզում, որ Բելառուսում կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Ուկարինայում` 2014-ին, երբ նախագահի դեմ բազմահազարանոց ցույցերից հետո Կրեմլը զորք էր մտցրել հարևան երկիր և բռնազավթել Ղրիմը:
Մակրոնի խոսքով, Լուկաշենկոն հրաժարվել է ԵԱՀԿ-ի միջնորդությամբ բանակցել ընդդիմախոսների հետ, սակայն, Արևմուտքը կշարունակի ջանքերն այս ուղղությամբ: