«21-ի հեռանկարներ»-ի բացումը շուտով տեղի կունենա՝ բացօթյա ձևաչափով. Փառատոնի գործադիր տնօրեն

Փառատոնի գործադիր տնօրեն Սոնա Հովհաննիսյանը, արխիվ

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը հիմնադրվել է 2000 թվականին` կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի նախաձեռնությամբ և ջանքերով: Ամենամյա այս փառատոնի շնորհիվ մեր երաժշտասերները տարիներ շարունակ հնարավորություն են ունեցել ունկնդրել թե՛ հայ, թե՛ օտարազգի լավագույն երաժիշտ-կատարողների, նվագախմբերի ու երաժշտական այլ խմբերի:

Տարիներ առաջ փառատոնը վերանվանվեց «21-ի հեռանկարներ»՝ էլ ավելի սերտացնելով կապերը եվրոպական միջազգային երաժշտական այլ փառատոների հետ՝ դառնալով այդ մեծ ընտանիքի լիիրավ անդամներից մեկը:

Համավարակային իրավիճակով պայմանավորված այս տարի փառատոնը հիմնականում առցանց գործունեությամբ է զբաղվել, բայց ահա առաջիկա օրերին այն մի մեծ բարեգործական ծրագիր է իրականացնելու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին՝ Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Փառատոնի գործադիր տնօրեն Սոնա Հովհաննիսյանն ասաց. «Մենք շատ ոգևորված ենք, որ արդեն շուտով փառատոնի բացումը տեղի կունենա՝ բացօթյա ձևաչափով, քանի որ դահլիճներում համերգ անելու թույլտվությունը կլինի, բայց ոչ հենց հիմա»:

Հովհաննիսյանը նշեց, որ առաջին համերգը կլինի Ազգային ժողովի բակում, իսկ հաջորդը՝ սահմանամերձ Բերդ քաղաքում:

«Ազատության» հարցին, թե ո՞ր մենակատարներն են գալու՝ մասնակցելու միջոցառումներին, փառատոնի գործադիր տնօրենը պատասխանեց. «Լիպարիտը Ավետիսյան, Լիանա Ալեքսանյանը և կան ևս երգիչներ, որոնց կհայտարարենք»: