Մատաղը՝ անօթևանների կացարանի սպասված ճաշ

Ավելի քան 5 ամիս անօթևանները փակի տակ են: Վարդաշենի նրանց կացարանը մարտի 13-ից կարանտինային ռեժիմում է:

«Սահմանափակված է իրենց ելումուտը դեպի շրջապատ, այսինքը հասարակություն, այսինքը` գնան խանութ, իրենց գործերով գնան հարազատների մոտ, աշխատանք փնտրելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանը:

Մինչև կարանտինը անօթևաններն այստեղ կարող էին ընդամենը գիշերել, ցերեկը դուրս գալ` աշխատել, հոգալ սեփական կարիքները։ Պետությունը մասամբ լուծում է սննդի հարցը՝ նախաճաշ ու ընթրիք, մեկ հոգու հաշվով օրական 760 դրամ է հաշվարկված:

Տնօրենն ասում է, որ երկու անգամվա համար բավարար է. - «Կարտոշկի խյուս ա լինում ծկան պահածոյի հետ, կամ ասենք թե գրեչկայով փլավ նրբերշիկի կամ երշիկի հետ: Որ օրը որ մածուն ա լինում երեկոյան, թեյ չի լինում»:

Հարցն այն է, սակայն, որ նախաճաշը ժամը իննին է, ընթրիքը` յոթին. ավելի քան 10 ժամ մարդիկ ուտելու ոչինչ չունեն:

Տնօրենն ասում է, որ մինչև վերջին մեկ ամիսը բարեգործական կազմակերպությունների միջոցով կարողացել են կեսօրին ճաշ ապահովել. - «Հայկական կարմիր խաչը բերել է մեզ սնունդ: Բերել են շատ բարձրակարգ սնունդ: Նույնիսկ իշխան ձուկ, որ մեր բնակիչները հոգնել էին, ասում էին` էսքան իշխան ձուկ ուտե՞լ կլինի»:

Հիմա սակայն, տնօրենի խոսքով, որևէ օգնություն չկա:

Անտունների տանը 90 հոգի է ապրում: Նրանց կեսը թոշակ է ստանում: Տնօրենն ասում է, որ մի խանութի հետ պայմանավորվել են, և ով փող ունի, սնունդ, ծխախոտ պատվիրում է, առաքում են: Մեր նկարահանման պահին էլ փոքրիկ տոպրակներով պատվերը բերեցին, ներսում յուրաքանչյուրի կտրոնը: Տոպրակների մեջ լոլիկ, ծխախոտ` անհրաժեշտ բաներ ու ոչ մի շքեղություն:

Այս տեսարանին հետևում էր բնակիչներից Կորյուն Վարդանյանը. նա թոշակ չի ստանում և փակ ռեժիմին անցնելուց հետո էլ իր ամենօրյա գործը՝ շինարարությունն անելու հնարավորություն չի ունեցել, փող չունի, ոչինչ չի պատվիրել: Նա սպասում է արտակարգ դրության ավարտին. – «Հեսա բացվի, կաշխատենք, գործ կլինի»:

Անօթևանների կացարանում նկարահանումների և հարցազրույցների հնարավորություն չկա, քանի որ շենք մտնելն արգելված է:

Զբոսանքի դուրս եկած մի քանի հոգու հետ զրուցեցինք: Անտանիք մնացած մարդիկ առանձնապես բարձր դժգոհություններ չեն հայտնում. մարդ ամեն ինչին դիմանում է ասում է Գայանե Շահինյանը: Դեռ 53 տարեկան է, թոշակ չի ստանում, սպասում է կացարանի նախաճաշին ու տասը ժամ անց` ընթրիքին: Ստամոքսի հարցին փիլիսոփայորեն է մոտենում. – «Փառք աստծո, էսօր էլ ապրեցինք»:

Անօթևանների կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանն ասում է, որ եթե արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից հետո էլ երկարաձգվի, և այստեղ ապրողները շարունակեն փակի տակ մնալ , ստիպված պետք է լուծումներ փնտրի. դիմի նախարարությանը, պարետատուն կամ դարձյալ բարեգործներին:

Նա այնուամենայնիվ չի կարծում, որ շենքում սոված մարդիկ կան. այս հարցում, ասում է, նվազագույնը շաբաթը մեկ օր օգնության է հասնում մատաղը. – «Միշտ լինում ա մեզ մոտ համարյա: Եվ դա ճաշի ժամանակ տալիս ենք»:

Այսօր էլ կացարանի սառնարանում զոհաբերված գառ կար, այս երկու օրը անօթևանների համար սպասված ճաշ կդառնա: