Բուլղարիայում գրանցված «Մուլտի գրուպ թրեյդ» ընկերությունը, որը մտնում է Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» խմբի մեջ, գնել է Բրեստի գարեջրի գործարանը։
«Բրեստսկոյե պիվո» գործարանի պետական ամբողջ բաժնեմասը՝ 89,7 տոկոսը գնելու պայմանագիրը ստորագրվել է հուլիսի 31-ին` մինչ Բելառուսի նախագահական ընտրությունները։ Պետական բաժնետոմսերը պատկանում էին Բրեստի մարզին, այդ փաթեթը գնահատվում էր մոտավորապես 11 միլիոն դոլար։
Առք ու վաճառքի գործարքի գինը հայտնի չէ, բայց բելառուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ գործարանը նախկինում վեց անգամ աճուրդի էր հանվել ու քանի որ չէր վաճառվել, գինը զգալիորեն ընկել էր։
Ալեքսանդր Լուկաշենկոյի ընկեր, հայաստանցի օլիգարխ Ծառուկյանը գործարանը ձեռք է բերել շահավետ պայմաններով։ Մանրամասները հայտնի չեն, դեռ հստակեցվում են պարտատերերի պահանջները, տարիների ընթացքում կուտակած հարկային պարտքերը լուծելու հարցերը։ Պարտքերի պատճառով գործարանը սանկցիաների տակ էր, այդ սանկցիաները պետք է մաքրվեն։ Հիմա «Մուլտի գրուպ թրեյդի» ներկայացուցիչները տեղում գույքագրում են կատարում։
Գնորդը ներդրումային և սոցիալական պարտավորություններ է ստանձնել։ Գործարանի աշխատակիցներին սոցիալական երաշխիքներ են տրվել, կրճատումներ չեն լինելու, աշխատավարձի չափը պահպանվելու է։ Հիմնական՝ գարեջրի արտադրությունը պահպանվելու է: Նախատեսված է նաև հանքային ջրերի ու ոչ ալկոհոլային խմիչքների արտադրություն։ Գործարանն արդիականացվելու է, մոդայիկ բառով՝ ռեբրենդիգ է արվելու` արտաքին ձևավորումից, պիտակների դիզայնից մինչև գարեջրի ու ջրերի նոր տեսականի։
Բրեստի գարեջրի գործարանի արդիականացման գործում կարող է շատ օգտակար լինել բուլղարական «БК — Горна Баня» ընկերության գործունեությունը, որը Ծառուկյանը գնել էր 2009 թվականին։ Այն հանքային ու սեղանի ջրերի, մրգային հյութերի առաջատար գործարաններից մեկն է Բուլղարիայում։ Պատահական չէ, որ Բրեստի գարեջրի գործարանը գնել է Բուլղարիայում գրանցված «Մուլտի գրուպ թրեյդը». TUT.BY կայքի փոխանցմամբ` առք/վաճառքի պայմանագիրը ստորագրելուց հետո «Մուլտի գրուպ թրեյդի» ներկայացուցիչները մշտապես գտնվում են Բրեստի գործարանում։ Ենթադրվում է, որ Բրեստի գործարանի արդիականացմաբ հիմնականում զբաղվելու է բուլղարական գործարանը։
2014 թվականին Բրեստի գարեջրի գործարանը համարվել էր անվճարունակ։ Մի շարք սանկցիաներ են կիրառվել։ Գործարանը վեց անգամ վաճառքի էր հանվել, չնայած նախնական գինը նվազել էր, գնորդ չէր հայտնվել։ 2017-ի գարնանը գործարանը փորձել էին վաճառել ավելի քան 17 միլիոն ռուբլիով, աշնանը գինը ընկել էր մինչև 9 միլիոն ռուբլի, բայց աճուրդը նորից ձախողվել էր։ Այդ նույն թվականին «Պրիորբանկը», որը գործարանի պարտատերերից մեկն է, Բրեստի մարզի տնտեսական հարցերով դատարանին առաջարկել էր գործարանը լիկվիդացնելու գործընթաց սկսել։ Բանկը պնդում էր, որ գործարանը նույնիսկ որպես գույք դժվար կլինի վաճառել, մասնագետներն իրենց հերթին պնդում էին, որ Բելառուս մտած արտասահմանյան գարեջրային ընկերությունները գրավել են շուկան, որտեղ Բրեստի գարեջուրը մրցունակ չէ։ Բայց դատարանը մերժել էր բանկի հայցը` գտնելով, որ Բրեստի գարեջրի գործարանը վաճառելու հնարավորություններ դեռ կան, որի դեպքում հնարավոր կլինի փակել նաև պարտքերը։ Տնտեսական հարցերով դատարանը պարբերաբար երկարաձգում էր գործարանի պարտքերի փակման ժամկետը, սահմանված վերջին ժամկետը լրանում է գալիք սեպտեմբերին։
Գնորդը հայտնվեց։ Բելառուսական լրատվամիջոցները նշում են, որ Գագիկ Ծառուկյանը հայաստանցի օլիգարխ է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիրը, խորհրդարանի պատգամավոր, ում այս տարի զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից կոռուպցիոն կասկածանքով հարուցված քրեական գործով։ Լրատվամիջոցները նաև նշում են, որ հայաստանցի գործարարը բարեկամական հարաբերություններ ունի Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ 2010 թվականին Ծառուկյանը բացել է հայ-բելառուսական առևտրի տուն` «Ար-Բե»։ 2012-ին Մինսկում հայկական կոնյակի շշալցման հոսքագիծ է հիմնել։ 2013-ին Լուկաշենկոն Ծառուկյանին պարգևատրել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով։